Երևանում բարեգործական հիմունքներով կգործի հաշմանդամություն ունեցող երեխաների օժանդակության «ՎիտալՌեհաբ» վերականգնողական կենտրոնը


Երևանում բարեգործական հիմունքներով կգործի հաշմանդամություն ունեցող երեխաների օժանդակության «ՎիտալՌեհաբ» վերականգնողական կենտրոնը

  • 04-03-2025 17:20:55   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանում իր գործունեությունն է սկսում հաշմանդամություն ունեցող երեխաների օժանդակության «ՎիտալՌեհաբ» մանկական վերականգնողական կենտրոնը։ 
 
«ՍՈՍ Արևելքի Քրիստոնյաներ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ իրականություն դարձած ծրագիրն ի սկզբանե պետք է իրականացվեր Արցախում և կենտրոնը պետք է բացվեր Ամարասի վանքի հարևանությամբ։ 
Ինչպես տեղեկացրեց ծրագրի ղեկավար, «Օժանդակություն հաշմանդամ և սպորտային կարգ ունեցող մարզիկներին» բարեգործական ՀԿ–ի հիմնադիր նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը, կենտրոնի աշխատանքները դեռ չէին սկսել, երբ Արցախում տեղի ունեցավ շրջափակում, իսկ հետագայում՝ էթնիկ զտում։ 
 
«Քիչ չէր հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը և պետք էր արագ գործել։ Արդեն նպատակ դրվեց վերականգնողական կենտրոնի բացումն իրականացնել Երևանում։ Աստծո կամոք, այսօր կյանքի կոչվեց մի ծրագիր, որը փոխելու է հազարավոր ճակատագրեր։ Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ «ՍՈՍ Արևելքի Քրիստոնյաներ» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ՝ գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղ,  «Օժանդակություն հաշմանդամ և սպորտային կարգ ունեցող մարզիկներին» բարեգործական ՀԿ–ի նախաձեռնությամբ հիմնադրվեց այս մանկական վերականգնողական կենտրոնը»,– իր խոսքում մանրամասնեց Թ․ Մկրտչյանը։ 
 
Նրա փոխանցմամբ՝ բարեգործական հիմունքներով գործող կենտրոն կարող են հաճախել ոչ միայն Արցախից տեղահանված, այլև ՀՀ ողջ տարածքում բնակվող երեխաներ, որոնք ունեն տեղաշարժվելու, խոսելու, իրենց տարրական ինքնասպասարկումն իրականացնելու խնդիր։
 
Հաշմանդամություն ունեցող 4–ից 18տարեկան երեխաները կենտրոնում կստանան անվճար հետևյալ ծառայությունները՝ բժիշկ–վերականգնողաբանի կոնսուլտացիա, հոգեբանի, լոգոպեդի, կինեզիստի ծառայություն, բուժական մերսում։
 
Թ․ Մկրտչյանը տեղեկացրեց նաև, որ կենտրոնին շարունակական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ տնօրեն Յուրա Աֆրիկյանը, սարքավորումներից մեկը ձեռք է բերվել «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ` Հայաստանում Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ, ծրագիրն իրականացվում է նաև «ԱՄՍԱՐ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
 
Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Արցախի պաշտոնատար անձինք, Արցախի թեմի թեմական խորհրդի անդամներ, «SOS Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորությամբ՝  կազմակերպության ներկայացուցիչներ: 
 
Կենտրոնի բացման առիթով իր ողջույնի և օրհնության խոսքն ասաց նաև Տեր Վրթանես Աբրահամյանը։ 
Միջոցառմանը ներկա էր նաև Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, որի ձեռամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն