Վազգեն Սարգսյանի 40–ամյա կյանքը 90 րոպեում․ «ՎԱԶԳԵՆ․ Վերջին Սպարապետը» ֆիլմը կինոէկրաններին է
06-03-2025 17:10:30 | Հայաստան | Հասարակություն
Մարտի 5–ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, «ԿինոՄոսկվայում» կայացավ նրա ապրած կարճ, բայց բովանդակալից կյանքի մասին պատմող «Վազգեն․ Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում Սպարապետին մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի և սիրված դերասան Խորեն Լևոնյանը, որի արտաքին նմանությունը Վազգեն Սարգսյանի հետ ամենաքննարկված ու աչքի ընկնած նրբությունն է։
«Շատերը մինչև այս ֆիլմն արտաքնապես պապիկիս էին նմանեցնում, հիմա փոխվեց, բայց ես միայն ուրախ եմ։ Ֆիլմում դիտմամբ չեմ փորձել նրան նմանակել մեկին մեկ, որովհետև դա կնմանվեր ինչ–որ տնազ անելու կամ մուլտիպլիկացիոն բանի, փորձել եմ ընդամենը ներվը, տղամարդկությունը, մտածելակերպը, էությունը հասցնել հանդիսատեսին»,- պրեմիերայից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Խ․ Լևոնյանը՝ հավելելով, որ բացի արտաքին նմանությունից, Սպարապետի հետ ունի նաև նմանություններ ունեցած սկզբունքների ու աշխարհայացքների մասով։
Ըստ Լևոնյանի՝ 90 րոպե տևողությամբ ֆիլմի ասելիքը շատ պարզ է՝ Հայաստան, հայ, հայրենիք, սեր։
Նրա փոխանցմամբ՝ ֆիլմի բոլոր հատվածներն է սիրում, անգամ նրանք, որոնցում ինքը չկա․ «Փառք ու պատիվ էն խմբին, որ աշխատել է, ծայրից ծայր բոլորը նվիրված իրենց գործն են արել, որի շնորհիվ ֆիլմը դարձել է ֆիլմ, և ես շատ շնորհակալ եմ իրենց, որովհետև առանց իրենց աշխատանքի՝ իմ արածը չէր երևա»։
Անդրադառնալով ֆիլմում տեղ գտած Սպարապետի մեջբերումներին՝ դերասանն առանձնացրեց հետևյալ միտքը․ «Մենք միշտ դռները բացել ենք ու ասել՝ սա մեր տունն է, արի մեզ սպանիր, ու եթե ինչ-որ մի խելառ էլ որոշել է դիմադրել ու ինչ-որ բան անել, մեր ձեռքով հերն անիծել ենք»։
ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստը։
Վերջինիս խոսքերով՝ հորեղբայրը ծննդյան օրը սիրում էր նշել ընտանեկան մեծ միջավայրում, ոչ թե մեծ ու բազմամարդ խնջույքներում:
«Հուսամ՝ վերևից նայում է ու մեզ վրա շատ չի բարկանում։ Կենդանի լինելու դեպքում շատ կզայրանար, եթե իր մասին ֆիլմ նկարեինք, նույնիսկ չէր սիրում, երբ իր կենացներն էին խմում կամ էլ իրեն երգեր նվիրում»։
Ֆիլմի հեղինակը վստահ է՝ Սպարապետի կյանքն ու գործը միշտ շարունակվելու են և երբեք չպետք է հուսահատվենք, որովհետեւ Վազգեններ միշտ կան։