ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br /> ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 26-09-2008 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Սլովակիայի մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը եւ Մարեկ Մադյարիչը սեպտեմբերի 26-ին ստորագրեցին մշակութային համագործակցության համաձայնագիր: Հասմիկ Պողոսյանի խոսքերով, սա երկար սպասված պայմանագիր էր երկու երկրների համար, քանի որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցությունը շատ դանդաղ էր զարգանում. մշակութային կապերը գոյություն ունեին առանձին կազմակերպությունների մակարդակով, իսկ այժմ դրանք կսկսեն զարգանալ պետական մակարդակով: Կողմերն արդեն քննարկել են մի շարք հարցեր, որոնց իրականացումը կակտիվացնի մշակութային համագործակցությունը: Նախարարը տեղեկացրեց, որ արդեն հաջորդ տարի Բրատիսլավայում նախատեսվում է անցկացնել Հայկական կինոյի օրեր, կազմակերպել Ս.Փարաջանովի կոլաժների ցուցահանդես, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հյուրախաղեր: Առաջիկայում պայմանավորվածություն ձեռք կբերվի նաեւ Սլովակիայում Հայկական մշակույթի օրեր անցկացնելու մասին: Սլովակիայի մշակույթի նախարար Մարեկ Մադյարիչը նշեց, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների տրամաբանական շարունակությունը պետք է լինի մշակութային համագործակցությունը: Նախարարի խոսքերով, կողմերը չեն սկսելու համագործակցությունը մեծ նախագծերից, այլ աշխատելու են փուլ առ փուլ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play