Մխիթար Հայրապետյանն ընդունել է Grid Dynamics ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը


Մխիթար Հայրապետյանն ընդունել է Grid Dynamics ընկերության ներկայացուցիչներին. քննարկվել է նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը

  • 25-03-2025 18:05:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 25-ին ընդունել է Grid Dynamics ընկերության Ինժեներական և ռազմավարական ավագ փոխնախագահ (ԱՄՆ) Վադիմ Կոզիրկովին, Առաքման կառավարման գծով ավագ տնօրեն Դմիտրի Կորսունին և ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Միհրան Մինասյանին: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:
 
Մխիթար Հայրապետյանը, ողջունելով հյուրերին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձել է ՀՀ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթին, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
 
Այդ համատեքստում, նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Grid Dynamics-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես կարևորել է ընկերության կողմից մարդկային ռեսուրսի մեջ ներդրումների ներգրավումը: Նախարարն անդրադարձել է Հայաստանի մարզերում տնտեսության համաչափ զարգացման նպատակով ներդրումային հոսքերի ապահովման հնարավորություններին, ինչը բխում է պետական առաջնահերթություններից:
 
Վադիմ Կոզիրկովը ներկայացրել է ընկերության գործունեության արդյունքում Հայաստանում գրանցված հաջողությունները, անդրադարձել երկրի ներուժին, դրա արդյունավետ ու փոխշահավետ օգտագործման հնարավորություններին, ինչպես նաև Երևանից դուրս մասնաճյուղ բացելու հեռանկարներին։
 
Նա նաև ողջունել է Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ կառավարության պատրաստակամությունը և դրան հասնելու ուղղությամբ նախարարության նախաձեռնությունները։ Հաշվի առնելով այս գործընթացները՝ ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել իր գործունեությունը՝ աշխատակազմը 350-ից հասցնելով 500-ի:
 
Կողմերը փոխանակվել են փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ մի շարք մտքերով և առաջարկներով:
 
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա անելիքների և քայլերի վերաբերյալ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն