Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող հարաբերությունները կկարգավորվեն. նախագիծ


Նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպմանն առնչվող հարաբերությունները կկարգավորվեն. նախագիծ

  • 25-03-2025 19:00:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Գործադիրը նոր կարգավորումներ է առաջարկում ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի տրման, հավաստագրման գործընթացում: Ներկայումս յուրաքանչյուր կրթական մակարդակի համար սահմանված են հավաստագրման գործընթացներ: Առաջարկվում է սահմանել միասնական հավաստագրման գործընթաց: ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները՝ այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
 
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական կրթության ոլորտի կարգավորումներին: Կսահմանվեն մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների նկարագրերը: Այժմ մեր երկրում գործում են 238 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններ, որտեղ աշխատում է ավելի քան 5000 մանկավարժ: Գործող 174 մարզադպրոցում էլ աշխատում է ավելի քան 2000 մարզիչ- մանկավարժ: Նշված կարգավորումը կվերաբերի այս մասնագետների պաշտոնների նկարագրերի սահմանմանը:
 
Օրենսդրական փոփոխությամբ անդրադարձ կա արտադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորմանը: Ֆինանսավորման կարգը կհաստատվի պետական բյուջեի միջոցներից:
 
Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների ուսումնական պլանները, ծրագրերը, ուսումնական նյութերը և դասընթացները երաշխավորված կլինեն ԿԳՄՍ նախարարի հրամանով: Կկարգավորվեն արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության և ավարտական քննությունների անցկացման ընթացակարգերը:
 
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն