Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը ողջամիտ ժամկետում քննելու նպատակով նախագիծ է մշակվել


Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը ողջամիտ ժամկետում քննելու նպատակով նախագիծ է մշակվել

  • 25-03-2025 19:05:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս միևնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միևնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում: Գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարույթի առանձնահատկություններից ելնելով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Զեկուցողի խոսքով միմյանց հետ փոխկապակցված վարույթների շրջանակում ե՛ւ դատավարության կողմերը, ե՛ւ դատարանը ծախսում են կրկնակի ռեսուրսներգ առաջին հերթին ժամանակ, ինչն արդյունավետության տեսանկյունից արդարացված չէ և չի բխում նաև արդարադատության շահերից:
 
Նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվում մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությանը և արդյունավետ լուծմանը:
 
Նախատեսվել է, որ այդ գործերը կարող են միացվել, եթե գտնվում են քննման նախնական փուլում և դեռևս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու որոշումներ:
 
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով նախագծի հիմնական նպատակն է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի դատավարական փուլի արդյունավետության բարձրացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն