Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը. ՔԿհ


Վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար դրամը. ՔԿհ

  • 04-04-2025 16:35:48   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, որի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 181 մլն 591 հազար ՀՀ դրամը: 
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ․Ա-ն պետական մասնակցությամբ ընկերությանը սեփականության իրավունքով հանձնված տրանսպորտային միջոցները շահադիտական նպատակով հափշտակելու դիտավորությամբ՝ Ն․Հ․-ին տվել է ընկերության անունից հանդես գալու լիազորագիր:
 
Նշված լիազորագրի հիման վրա ընկերությունն իրեն վստահված՝ օրինական հիմքերով իր տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանն իրավաբանորեն հանձնված գույքի սեփականության իրավունքը փոխանցել է Կ․Ա․-ին:
 
Այնուհետև, Կ.Ա.-ն հիշյալ տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքը փոխանցել է այլ անձանց՝ այդ կերպ ավարտին հասցնելով իրեն վստահված, պետությանը փոխանցման ենթակա առանձնապես խոշոր չափերով՝ 181 մլն 591 հազար ՀՀ դրամ արժողության գույքի հափշտակությունը:
 
Կ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):
 
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:
 
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 ՔԿ
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք