Հայաստանի հանդեպ «հավերժական շանտաժի» ադրբեջանական «բանաձևը»


 

Հայաստանի հանդեպ «հավերժական շանտաժի» ադրբեջանական «բանաձևը»

  • 30-11--0001 00:00:00   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ադրբեջանի նախագահի օգնական Ամիրբեկովը բրազիլական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, թե Բաքուն պետք է վստահ լինի, որ Արցախի նկատմամբ «պահանջներից հրաժարվելը» ոչ միայն Հայաստանի իշխանության, այլև հայ հասարակության դիրքորոշումն է:
 
Իհարկե, սա Ադրբեջանի նոր դիրքորոշում կամ հայտարարություն չէ, բայց դրա պարբերական բարձրաձայնումը այն մասին է, որ դիրքորոշումը լոկ «հաղթողի» կամայականություն կամ քմահաճույք չէ, այլ հետևողական ռազմավարական մոտեցում, որով Ադրբեջանի վարքագծային ռեժիմ է փորձում թելադրել ոչ միայն Հայաստանի իշխանությանը, ըստ էության արգելելով օգտագործել Արցախ բառն անգամ, այլ նաև Հայաստանի հանրությանն ընդհանրապես, այլ կերպ ասած՝ պետականությանը:
 
Այդ առնչությամբ, հարցը, թերևս, չի սահմանափակվելու լոկ Սահմանադրության փոփոխության պահանջով: Ադրբեջանը դրանով, ինչպես նաև խաղաղության պայմանագիր կոչվածով փորձում է սահմանել այսպես ասած չափանիշներ, որոնցով կառավարելու է Հայաստանի հանրային վարքագիծը: Դա նշանակում է, որ, անգամ ոչ կառավարական, նույնիսկ ոչ քաղաքական մակարդակով որևէ բարձրաձայնում, որը չի համապատասխանի Ադրբեջանի քիմին, կդիտվի խաղաղության պայմանագրի խախտում, «ոտնձգություն» խաղաղության դեմ, և առնվազն առիթ կդառնա Հայաստանի հանդեպ պահանջ կամ դիտողություն ներկայացնելու:
 
Այլ կերպ ասած, Ադրբեջանը Հայաստանի հանդեպ փորձելու է ձեռք բերել «հավերժական շանտաժի շարժիչ», ի դեմս այսպես ասած խաղաղության պայմանագրի եւ դրա ստորագրման նախապայմանների: Ընդ որում, դա Բաքվին ապահովելու է նաև «հեռակառավարմամբ» ազդեցություն հանրային ներքին կյանքի ու հարաբերությունների վրա: Իրադարձությունների զարգացման այդ «պարադիգմը» փոխելու համար հրամայական է Հայաստանի ներքին կյանքում հարաբերությունների, ներքաղաքական սխեմաների ներկայիս տրամաբանության և որակի փոփոխությունը: Հակառակ դեպքում, Ադրբեջանի նպատակների իրագործման կասեցումը գործնականում կդառնա չափազանց բարդ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը