Ներքին ցեղասպանություն Հայաստանում Մաս 4. Գիտնականների գնահատման համակարգ, որում կրկին առաջինը կլինի Մերգելյանը


 

Ներքին ցեղասպանություն Հայաստանում Մաս 4. Գիտնականների գնահատման համակարգ, որում կրկին առաջինը կլինի Մերգելյանը

  • 26-04-2025 17:06:22   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Գրիգոր Բարսեղյան 
Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, 
Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր
 
       Այս հոդվածի նախորդ երեք մասում ես մատնանշեցի գիտության ղեկավարների հրեշավոր սխալները: Հրեշավորը մեղմ է ասված՝ ուղղակի բառեր չկան, որոնք կարողանան նկարագրել այդ ղեկավարների հիմարությունը:   
       Երրորդ հոդվածում (տե՛ս https://nt.am/am/news/336147/) նշեցի մի հրեշավոր հանգամանք՝ կառավարության առաջարկած սանդղակով փայլուն մաթեմատիկոս Ս. Մերգելյանն այսօր կարող էր լինել ոչ ավելի, քան լաբորանտ։  
       Պարզապես մտածեք այդ մասին: ՀՀ կառավարությունը որպես լաբորանտ է գնահատում Մերգելյանին, այսինքն՝ առաջինին գնահատում է որպես վերջին։ Դա ուղղակի ապշեցուցի՛չ է: Բնականաբար, ենթադրություն է առաջանում, որ այս ամենն անհիմն չէ, և մեր պաշտոնյաները գործում են մեր թշնամիների հրահանգով։ Երկար տարիներ ես զերծ էի մնում նման մտքեր հնչեցնելուց։ Բայց Մերգելյանին լաբորանտ դարձնելն այնքան արտառոց է, որ թշնամու ուժերի ազդեցությունը չնկատելը նշանակում է դեմ գնալ սեփական քաղաքացիական պարտքին։ Ինչ աստիճանի սատանայական լկտիության պետք է հասնել Մերգելյանին լաբորանտ դարձնելու համար։ 
       Ամենից վիրավորականն այն է, որ ես այդ ամենը բազմիցս նկարագրել եմ իմ հոդվածներում։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ են «խոշոր պաշտոնյաները» մեկը մյուսի ետևից կոպիտ սխալներ թույլ տալիս։ Ըստ երևույթին, իրենք ոչինչ չեն կարդում, իսկ մյուս մանր պաշտոնյաները չեն խիզախում «դրսի» գաղափարները ներկայացնել իրենց վերադասների ուշադրությանը։ Այսինքն՝ մենք ունենք կառավարման անառողջ համակարգ՝ դրսից գաղափարները պաշտոնյաներին չեն հասնում։ 
       Ուշագրավ է Ն. Փաշինյանի արձագանքը ստեղծված իրավիճակին։ Նա ընդունեց, որ կառավարության առաջարկը սխալ էր, միաժամանակ «փայլուն արդարացում» գտավ իր պաշտոնյաների համար։ Նա ասաց՝ «Կյանքն ինքն ամեն ինչ կկարգավորի»:
       Ո՛չ, պարոն Փաշինյան։ Կյանքն ինքնին ոչինչ չի՛ շտկելու: 
       Երկար ժամանակ տասնյակ հոդվածներում տրվում էին առաջարկներ, որոնք անտեսվում էին պաշտոնյաների և բարձրաստիճան իշխանությունների կողմից։ Ինչո՞ւ պետք է հավատանք, որ ինչ-որ մեկը երբևէ կհասկանա և կդիմի համապատասխան քայլի։ 
Ես վստահ չեմ, որ որևէ պաշտոնյա կարող է կրկնել իմ առաջարկները։ 
       Ուստի տեղին է ևս մեկ անգամ առաջարկել գիտնականների ճիշտ գնահատման համակարգի տեսլականը։
       Նոր համակարգ 
       ոչ հումանիտար ոլորտներում գիտաշխատողների և տեխնոլոգների վարկանիշի որոշման նոր համակարգ։ 
       Նոր համակարգի հիմնական հայեցակարգային տարբերությունները։
       ա) Նոր համակարգում օգտագործվող բոլոր տվյալները պետք է վերցվեն գիտա-տեխնոլոգիական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ հղումներն աղբյուրներին անհրաժեշտ են: Ակնհայտ է, որ այս կանոնի կիրառումը կվերացնի բազմաթիվ ու բազմազան մեքենայությունները, որոնք անմիջապես առաջանում են, երբ մարդկանց որոշում կայացնելու հնարավորություն է տրվում, արտահայտելով իրենց կարծիքը։  
       բ) Գիտնականի վարկանիշը որոշվում է նրա ողջ կյանքի ընթացքում գիտական և տեխնոլոգիական գործունեության հիման վրա։ Այնպես որ, այն կարող է օգտագործվել նաև պաշտոնների սանդղակը սահմանելու և Ակադեմիա, կամ երկրի բարձրագույն գիտական խորհուրդներ ստեղծելու համար և այլն։ Մյուս կողմից, երկիրը իրական պատկերացում կստանա իր գիտական և տեխնոլոգիական ներուժի մասին։ 
       գ) Բոլոր վարկանիշային գործընթաց անցնողները, նախնական փուլում անձամբ են ներկայացնում իրենց տվյալները: Իհարկե, տրամադրված տվյալները մանրակրկիտ ստուգվում են: Ինչի համար է դա։ Գիտության պատմությունը լի է մեղադրանքներով, թե այս կամ այն անձի արժանիքները հաշվի չեն առնվել։ Ուստի հրամայական է աշխատակցին հնարավորություն տալ ներկայացնելու ինքն իր մասին տեսլականը: Ուրիշ բան, որ ստուգման ընթացքում այդ տեսլականը կամ կհաստատվի, կամ ոչ։  
       դ) Ցանկացած վարկանիշի համար որոշվում է նվազագույն աշխատավարձի դրույքաչափը (համապատասխանաբար ցանկացած պաշտոնի համար): Տվյալ պաշտոնի համար այդ նվազագույն աշխատավարձը ստանում են բոլոր նրանք, ովքեր ստացել են այդ պաշտոնը վարկանիշավորման գործընթացում։ Նրանք, ովքեր ակտիվորեն աշխատել են անցյալում (ասենք 5 տարի), կստանան համապատասխան հավելավճարներ ակտիվ աշխատանքի համար։ Ավելին, հավելավճարները կարող են զգալի լինել։ Այ դա արդարացի կլիներ:  
       Հայեցակարգային նորարարությունների նույն կարգին պետք է դասել հետևյալ մեկնաբանությունը, որը վերաբերում է ամսագրերի վարկանիշների օգտագործմանը: 
       ե) Ամսագրերի մակարդակի գնահատման ներկայումս ընդունված համակարգը (Q1-Q4 մակարդակներ) թվում է հակասական և ոչ համապարփակ: Բավական է նշել, որ ռուսական «Математический Сборник» ամսագիրը, որը խորհրդային տարիներին աշխարհի լավագույն ամսագրերի տասնյակում էր, ներկայումս Q1-Q4 մակարդակներում գնահատված վարկանիշով զիջում է ադրբեջանական ամսագրին (որտեղ երբեք նկատելի մաթեմատիկա չի եղել): Սա խոսում է այն մասին, որ Q1-Q4 գիտական ամսագրերի մակարդակների ներկայիս սանդղակը լրացուցիչ վերանայման կարիք ունի: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի ողջ գիտությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը կապված էր խորհրդային գիտության հետ (աշխարհում ընդունված իր նվաճումներով), մենք առաջարկում ենք գիտատեխնիկական ամսագրերի մակարդակի գնահատման հետևյալ (համակցված) համակարգը, որը հաշվի է առնում ինչպես ժամանակակից, այնպես էլ խորհրդային աստիճանակարգումը։ Առաջարկվող համակարգում ուշագրավ հրապարակում է համարվում Միութենական հանրապետությունների հիմնական ակադեմիական ամսագրերում կամ արդի աստիճանակարգում Q3-Q4 մակարդակի ամսագրերում հրապարակումը: Նշանակալից հրապարակում է համարվում խոշոր համամիութենական ամսագրերում կամ Q1-Q2 մակարդակի ամսագրերում կամ գրքերի հրատարակում հայտնի միջազգային կամ համամիութենական հրատարակչություններում (մենագրություն կամ կոլեկտիվ մենագրություն)։
       Մասնագետների վարկանիշները (սանդղակ, աստիճանավորում)՝ ՀԱՐՑԱԹԵՐԹ։ 
       Այդ հարցաշարի ընդունման հիմնավորումը կարելի է գտնել «Ինչպես հասնել ճիշտ կառավարման գիտության մեջ։ Քայլ առ քայլ նկարագրություն» հոդվածում՝ https://www.lragir.am/ru/2023/04/19/251623/ 
       Իհարկե, գիտնականների վարկանիշները որոշելիս պետք է հաշվի առնել ինչպես նրանց ստացած պարգևները (մրցանակները), դրամաշնորհները և լիագումար զեկույցները, այնպես էլ տեխնոլոգի տեխնոլոգիական առաջարկության (TRL level) միջազգային մակարդակում պատրաստ լինելը։
       Այստեղ կարևոր է ընդգծել, որ մենք առաջարկում ենք հաշվի առնել միայն՝ 
       ա) առաջատար գիտական երկրներում կամ առաջատար երկրների մասնակցությամբ ստացած պարգևները (մրցանակներ), 
       բ) միջազգային դրամաշնորհները՝ առաջատար գիտական երկրների մասնակցությամբ, 
       գ) լիագումար զեկույցները միջազգային գիտաժողովներում, որոնց մասնակցում է առնվազն 200 մասնակից, այդ թվում, 20-ը առաջատար գիտական երկրներից։ 
       Ըստ այդմ, քննարկման մեջ չեն կարող ներառվել ցանկացած տեսակի մրցանակներ, դրամաշնորհներ, լիագումար զեկույցներ միայն Հայաստանի և ԱՊՀ այլ երկրների շրջանակներում։ 
       Նման կանոնի պատճառը պետք է ակնհայտ լինի։ ԱՊՀ-ում «իրենք իրենցով հավաքների» համատեքստում բոլոր տեսակի մրցանակներ, դրամաշնորհներ և այլն ստանալու հարցում տեղական պաշտոնյաներն ու գիտնականները միշտ վճռորոշ դեր են խաղացել: Մենք արդեն գիտենք, թե ինչ է տեղական բյուրոկրատիան՝ անհեթեթ, հրեշավոր գաղափարներ, կոռուպցիա, բաժանում մերոնց և օտարների։ Գիտենք նաև, թե ինչ բան է ակադեմիկոսների ինստիտուտը՝ կոռուպցիա, բաժանում մերոնց և օտարների, գաղափարների և բարոյականության իսպառ բացակայություն։ Նրանք միշտ հնարավորություններ էին ստեղծում իրենց համար և ամուր փակում բոլոր հնարավորությունները նրանց համար, ովքեր իրենցից չէին: Թող նախարարը կամ ակադեմիայի նախագահը ի պաշտպանություն իրեն ծպտուն հանել հանդգնի։ Այնժամ  կհիշեցնենք նրանց, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր Հայաստանում ոչինչ չեն ստացել, որոնց աշխատանքները Եվրոպական գիտական խորհուրդը համարել է դասական տեսություն։ (Ասենք ակադեմիկոսները նույնիսկ չգիտեն, թե ինչ է դասական տեսությունը: Թող հետաքրքրվեն, թե քանիսն են նրանք աշխարհում:) Եվ կան տեխնոլոգներ, ովքեր ոչինչ չեն ստացել Հայաստանում, որոնց աշխատանքները ամենաբարձր մրցանակների են արժանացել համաշխարհային տեխնոլոգիական մրցույթներում:   
       Այնպես որ, ԱՊՀ շրջանակներում բոլոր «իրենք իրենցով հավաքները» պետք չէ հաշվի առնել։
       1-ին բաժին 
       Վարկանիշի որոշումը պաշտոնական տվյալների հիման վրա։ 
       1-ին մակարդակ – մասնագետ, որն ունի առնվազն մեկ հրապարակում գրախոսվող   ամսագրերում: 
       Սա կրտսեր գիտաշխատողի մակարդակն է: 
       2-րդ մակարդակ – գիտությունների թեկնածուի կոչում ունեցող մասնագետ մոտ 10 հրապարակումներով գրավոր ամսագրերում: 
       Սա գիտաշխատողի մակարդակն է: 
       3-րդ մակարդակ – գիտությունների թեկնածուի կոչում ունեցող մասնագետ մոտ 20 հրապարակումներով գրախոսվող ամսագրերում, որոնցից 5-ը աչքի ընկնող հրապարակումներ։
       Սա ավագ գիտաշխատողի մակարդակն է: (Դոկտորական մակարդակին մոտեցող):  
       4-րդ մակարդակ – գիտությունների դոկտորի կոչում ունեցող մասնագետ, ով ստացել է միջազգային դրամաշնորհներ (որպես գլխավոր կատարող) և/կամ լիագումար ելույթներ միջազգային գիտաժողովներում, որոնց ընդհանուր թիվը երկուսն է։ Նույն կարգին պետք է դասել այն գիտնականներին, ովքեր ունեն առնվազն հինգ նշանակալի հրապարակում կամ հանդիսանում է նշանակալի նոր տեխնոլոգիա(ներ)ի ստեղծման հիմնական մասնակիցներից մեկը։ 
       Սա առաջատար գիտաշխատողի մակարդակն է:   
       5-րդ մակարդակ – գիտությունների դոկտորի կոչում ունեցող մասնագետ, ով ստացել է միջազգային դրամաշնորհներ (որպես գլխավոր կատարող) և/կամ լիագումար ելույթներ միջազգային գիտաժողովներում, որոնց ընդհանուր թիվը հինգն է։ Նույն կատեգորիան պետք է ներառի այն գիտնականներին, ովքեր ունեն առնվազն տասը նշանակալի հրապարակումներ կամ նշանակալի նոր տեխնոլոգիա(ներ)ի ստեղծման գլխավոր գաղափարախոսն են։
       Սա գլխավոր գիտաշխատողի մակարդակն է։  
       2-րդ բաժին 
       Վարկանիշի որոշում այլ մասնագետների կարծիքների հիման վրա։ 
       Հայտնի է, որ տվյալ գիտնականի աշխատանքին իրական գնահատական կարող են տալ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետները։ Այս տեսակի տվյալները շատ ավելի բարձր և արժեքավոր են, քան նախորդ 1-5 մակարդակներում արտացոլված տվյալները: 
       Շատ քիչ են գիտնականներն ու տեխնոլոգները, որոնց մասին գիտատեխնոլոգիական գրականության մեջ ապացույցներ կան, որ նրանք ինչ-որ նշանակալի բան են ստեղծել։
       Մեկնաբանություն 1        
       Իհարկե, այստեղ պետք է ներառվեն այն գիտնականները, ովքեր միջազգային լուրջ մրցանակ են ստացել (հարցաթերթիկը լրացնելիս պետք է նշվի մրցանակի տեսակը և չափը): 
       Հաջորդը գալիս են ուղղություններ, տեսություններ, դասական տեսություններ ստեղծած գիտնականները (կամ առաջնակարգ արդյունքներ, ինչպես ինձ խորհուրդ տվեց դասակարգել հենց Ս. Մերգելյանը)։ Կամ տեխնոլոգներ, ովքեր ստեղծել են բարձրակարգ տեխնոլոգիաներ։ Թվում է, թե կարելի է վիճահարույց համարել, թե ինչ է առանձնահատուկ արդյունքը։ Բայց ամեն բնագավառի առաջադեմ գիտնականներն ու տեխնոլոգները գիտեն, թե ինչն ինչ է: Օրինակ, մաթեմատիկայի մեջ կան, այսպես կոչված, «հազարամյակի խնդիրներ» (millennium problems), որոնք ցանկացած մասնագետ կդիտի որպես բարձրակարգ խնդիր։    
       Նման ձեռքբերումների վերաբերյալ տվյալները պետք է (ուշադրությո՛ւն) վերցվեն գիտատեխնոլոգիական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից և պետք է (ուշադրությո՛ւն) հաստատվեն առնվազն երեք անգամ:  
       Մեկնաբանություն 2։ 
       Նման գիտնականների գնահատականների հետ կապված իրավիճակը կարող է կախված լինել գնահատողից: 
       Օրինակ, կարող են ասել, որ տվյալ ուղղությունը ավելի կարևոր է, քան մեկ այլ տեսություն կամ տեխնոլոգիա, որ այս միջազգային մրցանակն ավելի կարևոր է, քան մեկ այլ բարձրակարգ արդյունք և այլն։
       Հետևաբար, ես առաջարկում եմ դասակարգումներ չանել նշված խմբերի միջև և այս 2-րդ բաժնի բոլոր գիտնականներին գնահատել որպես «ականավոր գիտնականներ կամ տեխնոլոգներ»:
       3-րդ բաժին 
       Բացառիկ բնույթի ձեռքբերումներ (գեր մակարդակ) 
       Խոսքը այն գիտնականների մասին է, ովքեր հայտնաբերել են նոր երևույթներ իրենց ոլորտում (ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա և այլն), օրինակ՝ հայտնաբերել են նոր օրենքներ պինդ վիճակի ֆիզիկայում, քվանտային ֆիզիկայում, բջջային կամ մոլեկուլային կենսաբանության մեջ կամ մաթեմատիկայի բազային հասկացությունների վերաբերյալ։ Կիրառական կամ տեխնոլոգիական գիտությունների բնագավառում այս մակարդակը շնորհվում է այն մասնագետին, ում աշխատանքը գիտական հանրության կողմից դիտարկվում է որպես ներդրված կամ ներդրման փուլում գտնվող խոշոր (միջազգային նշանակության) տեխնոլոգիա(ներ): Կամ ում աշխատանքը գիտական հանրության կողմից ճանաչված է որպես հայտնագործություն։
       Այսպիսով, ձևավորվում է գիտնականների վարկանիշների որոշման նոր համակարգ՝ 1-5 մակարդակի գիտաշխատողներ, ականավոր գիտնականներ և գեր մակարդակի գիտնականներ։ 
       Ականավոր գիտնականներ կամ տեխնոլոգներ և 
       Գիտնականներ կամ գեր մակարդակի տեխնոլոգներ
       Դրան համապատասխան՝ անհրաժեշտ է ձևավորել պաշտոնների նոր համակարգ՝
       (1) կրտսեր գիտաշխատողի պաշտոնը,
       (2) գիտաշխատողի պաշտոնը,
       (3) ավագ գիտաշխատողի կամ ավագ տեխնոլոգի պաշտոնը,
       (4) առաջատար գիտաշխատողի կամ առաջատար տեխնոլոգի պաշտոնը,
       (5) գլխավոր գիտաշխատողի կամ գլխավոր տեխնոլոգի պաշտոնը,
       (6) ականավոր գիտնականի կամ ականավոր տեխնոլոգի պաշտոնը,
       (7) գեր մակարդակի գիտնականի կամ գեր մակարդակի տեխնոլոգի պաշտոնը:       
       Այժմ նկատենք, որ կառավարության գնահատման համակարգը ոչ մի կերպ չի ճանաչում ականավոր և գեր մակարդակի  գիտնականների (տեխնոլոգների)։ Հասկանո՛ւմ եք։ Ո՛չ մի խոսք ամենակարևորի մասին։ 
       Ահա թե ինչու պաշտոնյաները Ս. Մերգելյանին հատկացրել են միայն լաբորանտի պաշտոն։ 
       Մինչդեռ վերոնշյալ համակարգում Մերգելյանը լինելու է ականավոր գիտնական։ 
       Իհարկե, առաջարկվող համակարգը մեր ընկալման համար անսովոր է։ Մինչդեռ շատ խոշոր գիտական կենտրոններում և բուհերում այս համակարգը վաղուց է կիրառվում՝ այն, ինչ մենք անվանում ենք ականավոր գիտնական, այնտեղ հաճախ նշվում է որպես կենտրոնի կամ ֆակուլտետի «գիտական ղեկավար»:  
       Մի քանի տարի առաջ ես Չինաստանում էի որպես հսկայական համալսարանի(150,000 ուսանող) առաջատար հրավիրյալ պրոֆեսոր (leading visiting professor): Իրականում դա գիտական ղեկավարի պաշտոն էր իմ այնտեղ գտնվելու ժամանակ։ Այն ժամանակ այդ համալսարանում երկու տարվա պայմանագրով աշխատում էին նմանատիպ երկու ակադեմիական ղեկավարներ (ԱՄՆ-ից և Եվրոպայից)։ Բոլոր աշխատակիցները կարող էին խորհրդակցել նրանց հետ: Համալսարանն այս ակադեմիական ղեկավարների աշխատանքը շատ օգտակար է համարել։ 
       Հասկանալի է, որ Հայաստանի պայմաններում ամեն ինստիտուտ կամ ֆակուլտետ չէ, որ կունենա իր ականավոր գիտնականը։ Մյուս կողմից, կլինեն կենտրոններ՝ երկու կամ ավելի նման գիտնականներով։ 
       Անձնական տվյալները հենց աշխատակիցների կողմից լրացնելու առաջարկվող սխեման (ինքնաներկայացում): 
       Ինքնաներկայացնելիս պետք է լրացնել մակարդակի տվյալները և տրամադրել տեքստ (կամ CV – աշխատանքային ուղին), որում տրվում է հաստատում: Սկսել կարելի է որոշակի մակարդակից, եթե տեքստից կամ CV-ից պարզ է, որ նա որոշակի նախկին մակարդակներ ունի։ 
       Օրինակ՝ մասնագետ Պողոս Պողոսյանի ինքնաներկայացում։ 
       Մասնագետը հավակնում է վերը նշված աստիճաններից մեկին (հաստատումը տես Պողոս Պողոսյանի ներկայացրած տեքստի կետերում կամ ինքնակենսագրականում)։ 
       Նշում։ Յուրաքանչյուր մասնագետի տրամադրած բոլոր տվյալները մանրազնին կստուգվեն համապատասխան հանձնաժողովների կողմից։ 
       Ակնհայտ է, որ պետք է լինի նաև հատուկ հանձնաժողով, որը կքննարկի բոլոր բողոքները։ 
       Վարկանիշային հանձնաժողովների ստեղծման գործընթացը։ 
       Վարչապետի աշխատակազմը նախաձեռնում է ինքնաներկայացումների հավաքագրում՝ հարցում պետք է ուղարկել բոլոր գիտական և տեխնոլոգիական կազմակերպություններին։ Շուտով (մեկ շաբաթվա ընթացքում) բոլոր հիմնական գիտնականների վերաբերյալ բոլոր տվյալները կլինեն վարչապետի սեղանին։ Ապա ապարատը ստեղծում է խումբ՝ քննարկելու թեկնածուներին Հանձնաժողովում ընդգրկվելու համար: Այդ խումբը պետք է պատրաստ լինի քննարկելու բոլոր տեսակի բողոքները: Խմբի աշխատանքի արդյունքում գիտության և տեխնոլոգիայի յուրաքանչյուր բնագավառում կձևավորվեն հանձնաժողովներ՝ ամենա առաջադեմ գիտնականներից կազմված։ Այնուհետև հանձնաժողովները իրենք կորոշեն մնացած գիտնականների վարկանիշները՝ վերը նկարագրված սխեմայի վրա հիմնվելով:
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս