Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը


Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

  • 22-04-2025 14:10:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կկազմի 5000 դրամ, ևս 30 օր չլրացնելու դեպքում` 10 հազար դրամ։
 
Ազգային ժողովը 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները, և ֆիզիկական անձանց կողմից 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մայիսի 1–ից երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1։
 
Օրինագիծն ընդունվեց 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով։
 
2024 թվականի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի մարտի 2–ը։
 
Մինչև նոյեմբերի 1–ը հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված է նախազգուշացում։ Այդ ընթացքում ՊԵԿ–ը քաղաքացուն պարբերաբար կհարցնի, թե ինչով կարող է օգնել։
 
Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահվի ևս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի` կազմելով 10 հազար դրամ։
 
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
 
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը