22-04-2025 17:24:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ապրիլի 21-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն ամբողջ կազմով ժամանել է Մոսկվա: Այդ մասին սոցիալական X հարթակում գրառում է կատարել կոմիտեի նախագահ Ֆուադ Օքթայը: Նա ասել է, որ հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների, գլոբալ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այլ մանրամասնություններ առայժմ հայտնի չեն: Ռուսաստանյան մամուլը թեմայի շուրջ լռություն է պահպանում: Ըստ երևույթին՝ քննարկումները խորհրդապահական բնույթի են:
Այս ֆոնին ուշագրավ է, որ ՏԱՍՍ-ը կարճ հարցազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի կրտսեր որդու՝ Նաջմեդին Բիլալ Էրդողանի հետ, որի ընթացքում վերջինս չի թաքցրել Ռուսաստանի հանդեպ համակրանքը: «Իհարկե, ինձ հաճելի է այցելել Ռուսաստան, ես եղել եմ նույնիսկ Յակուտսկում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Սոչիում»,- ասել է Բիլալ Էրդողանը:
Նրա ներկայացմամբ՝ ռուսաստանյան խոհանոցը հարուստ է, ներառնում է նաև թուրքախոս ժողովուրդների ավանդույթները, ուստի հաճելի է, մոտ և ծանոթ: Բիլալ Էրդողանը Թուրքիայում հայտնի է որպես Tuqva երիտասարդական հիմնադրամի նախագահ, որ կազմակերպում է ակնհայտ քաղաքական բնույթ ունեցող զանգվածային միջոցառումներ: Բացի այդ Բիլալ Էրդողանը Էթնասպորտի համաշխարհային կոնֆեդերացիայի նախագահն է, որ նրա նախաձեռնությամբ Ստամբուլում ստեղծվել է 2015 թվականին:
Թուրքական մամուլն ավելի վաղ տեղեկություն է տարածել, որ 2016թվականի «ռազմական հեղաշրջման փորձից» հետո Բիլալ Էրդողանը մի քանի տարի ապրել է արտերկրում՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Բիլալ Էրդողանը հայտնի է նաև որպես խոշոր գործարար:
Պատահակա՞ն է արդյոք, որ նա Մոսկվայում է գտնում, երբ այնտեղ է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն, որ պետք է ռուսաստանյան կողմի հետ քննարկի կարևոր, այդ թվում և գլոբալ ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ՏԱՍՍ պետական գործակալությունն ինչո՞ւ է բացահայտել Էրդողանի որդու Ռուսաստանի հանդեպ համակրանքը, ՌԴ թուրքախոս սուբյեկտների հետ նրա կապերը:
Ռուս-թուրքական հարաբերությունները վերջին երկու-երեք տարիներին նկատելիորեն բարդ են, Վլադիմիր Պուտինն այդ ընթացքում այդպես էլ Անկարա չի այցելել: Ըստ թուրքական աղբյուրների՝ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման: Ամերիկյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Սպիտակ տունը Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու նախապայման է առաջարկել՝ ապամոնտաժել կամ Ինջիրլիքի ամերիկյան ռազմահենակայան տեղափոխել ռուսաստանյան C – 400 ՀՕՊ միջոցները:
Իսրայելական աղբյուրները պնդում են, որ Թուրքիան մտադիր է այդ միջոցները տեղաբաշխել Սիրիայի հարավում, բայց դրա համար պետք է ունենա Ռուսաստանի համաձայնությունը, քանի որ ֆորմալ առումով դա կնշանակի ռուսաստանյան սպառազինության վերավաճառք երրորդ երկրի:
Ռուս-ամերիկյան բանակցությունները, ըստ էության, ավելի լայն ընդգրկում ունեն, քան ներկայացվում է: Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը, հավանաբար, Մոսկվայում կփորձի հասկանալ, թե Ռուսաստանն ինչպես է ընդունում Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության հաստատման հեռանկարը:
Ի՞նչ դերակատարությամբ է Թուրքիայի նախագահի որդին Մոսկվա գործուղվել: Նա հանդես է գալիս որպես Էրդողանի բանագնա՞ց, կոորդինացնում է խորհրդարանական պատվիրակության հանդիպումնե՞րը: Ամեն դեպքում նույն օրերին Մոսկվայում Բիլալ Էրդողանի ներկայությունը հազիվ թե կապված լինի ռուսական խոհանոցի հանդեպ նրա հակվածության կամ էնթասպորտի միջոցառում կազմակերպելու ցանկության հետ: Բիլալ Էրդողանը մի քանի տարի առաջ համարվում էր նախագահի պաշտոնում Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենահավանական փոխարինող: Ճիշտ է, Թուրքիայում այսօր ներքաղաքական բոլորովին այլ իրավիճակ է, բայց հենց դա էլ կարող է լինել մոսկովյան նրա հիմնական առաքելությունը, Վլադիմիր Պուտինը պատրա՞ստ է ևս մեկ անգամ աջակցել Էրդողանին, որպեսզի նա պահպանի կամ իրահաջորդին փոխանցի իշխանությունը: