Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը


Հնդկաստանի վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը ողջունել են առևտրային բանակցություններում գրանցված առաջընթացը

  • 22-04-2025 19:40:23   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նյու Դելիում կայացած հանդիպման ընթացքում ողջունել են երկու երկրների միջև առևտրային բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մոդիի գրասենյակը։Հանդիպումը տեղի է ունեցել Վենսի՝ Հնդկաստան կատարած անձնական այցի շրջանակում, որի ընթացքում նրան ուղեկցել են ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսը և ընտանիքի անդամները։

Չնայած այցի ոչ պաշտոնական բնույթին՝ Մոդիի գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են մի շարք առանցքային հարցեր։«Ողջունվել է Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններում գրանցված զգալի առաջընթացը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մոդին և Վենսը նաև վերանայել են երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը՝ դրականորեն գնահատելով էներգետիկայի, պաշտպանության և ռազմավարական տեխնոլոգիաների ոլորտներում առաջընթացը։ Նրանք ընդգծել են համագործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը։Երկուստեք նաև փոխանակվել են կարծիքներով մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ՝ հանդես գալով երկխոսության և դիվանագիտության կոչով։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը