ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան


ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան

  • 22-04-2025 19:45:36   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայոց Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց` 1918 թվականի հունիսի 4-ին, Դաշնակցությունը Թուրքիայի հետ կնքեց հաշտության պայմանագիր։ Պայմանագրի վերնագիրն էր՝ «Հաշտության և բարեկամության պայմանագիր Օսմանյան կայսերական կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև»։ Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել էին դաշնակցականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը։ 

Ցեղասպանությունից ընդամենը 6 տարի անց՝ 1921 թվականին, դաշնակցական, Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը հեռագիր ուղղեց Անկարա, Ազգային Մեծ ժողովին, որտեղ ասվում էր, որ «Հայաստանը ձգտում է խաղաղ և բարեկամական հարաբերություն թուրքերի հետ»:
Ցեղասպանությունից 110 տարի անց, մերօրյա Դաշնակցությունը հայտարարում է, թե օրինագիծ է ներկայացնելու ՀՀ Ազգային ժողով, որպեսզի քրեականացվի Ցեղասպանության ժխտումը։ 
Նախ, Հայաստանում արդեն իսկ Ցեղասպանության ժխտումը քրեականացված է և Դաշնակցությունը հերթական անգամ կռվում է հողմաղացների դեմ։ 
Բայց քաղաքական հարցադրումը, որը ես մի քանի անգամ արել եմ Ազգային ժողովի ամբիոնից և որին Դաշնակցությունը ոչ մի կերպ չի կարողանում պատասխանել, հետևյալն է. եթե դուք, այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը համարում եք դավաճանություն և Ցեղասպանության ուրացում, ապա, համարու՞մ եք, որ Դաշնակցությունը ուրացել է Ցեղասպանությունը դրանից ընդամենը 3 և 6 տարի անց՝ Թուրքիայի հետ կնքելով բարեկամության մասին պայմանագիր։ Եթե համարում եք, որ դա եղել է ուրացում, ուրեմն դուք ուրանում եք Քաջազնունուն, Խատիսյանին և Վրացյանին և ընդհանրապես՝ Դաշնակցությանը։ 
Բայց Ազգային ժողովի դաշնակցականներն ասում են, որ ոչ՝ Քաջազնունին, Խատիսյանը և Վրացյանը դավաճան չեն և չեն ուրացել Ցեղասպանությունը։ Շատ լավ։ Համաձայն եմ։ 
Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ցեղասպանությունից 3 տարի անց Թուրքիայի հետ բարեկամության ձգտող Դաշնակցությունը չի ուրանում Ցեղասպանությունը, իսկ Ցեղասպանությունից 110 տարի անց Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել ձգտող ՔՊ-ն «ուրանում» է։ 
Ամեն ինչ պարզ է՝ դաշնակցությունը օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք՝ բորբոքելու մարդկանց հույզերը ընդդեմ Հայաստանի պետականության։ Պատմական վշտի այս ամոթալի շահագործումը գալիս է ապացուցելու, որ մենք գործ ունենք մի խորհրդարանական ընդդիմության հետ, որ պատրաստ է անցնել բոլոր կարմիր գծերը՝ հանուն սեփական մերկանտիլ շահի։ 
Մնացածը հեքիաթներ են, ինչպես Արարատի պատկերը ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկից հեռացնելը որպես թյուրիմացություն որակելու դաշնակցական արդարացումները»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն