Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական
23-04-2025 18:52:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Թուրք հայտնի մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը կարծում է, որ հայկական «Ակոս» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել, մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին, բազմաթիվ քաղաքներում կատարվել են հիշատակի արարողություններ, ինչը հոգեբանական հաղթանակ է նրանց համար, որոնք այսօր էլ Թուրքիայում պայքարում են մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար՝ իշխանություններին կոչ անելով նաև առերեսվել պատմական իրողությունների հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս օրերին Երևանում գտնվող Թաներ Աքչամն այդ մասին ասաց իր հեղինակային գրքի («Ցեղասպան պետության ակունքները») շնորհանդեսի ժամանակ։ «Եթե ցանկանում եք հիմնել ժողովրդավարական երկիր և այնպիսի հասարակություն, որտեղ հարգվում են մարդու հիմնարար իրավունքները, ապա անհրաժեշտ է նախևառաջ ընդունել սեփական սխալները, առերեսվել պատմական իրողությունների ու փաստերի հետ, որքան էլ որ դրանք լինեն ցավոտ և անպատվաբեր, հակառակ դեպքում ոչ մի ժողովրդավարական ապագա չի կառուցվի, այլ տարբերակ պարզապես չկա»,- ասաց Աքչամը։
Նրա պնդմամբ՝ Թուրքիայում պետք է սովորեն ավելի լայնորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, ուսումնասիրեն և իմանան այդ մասին, որովհետև դա անհրաժեշտ է նախևառաջ ներդաշնակ ու խաղաղ հասարակություն ձևավորելու, ինչու չէ, նաև հանգիստ ապրելու համար։ Աքչամի վկայակոչմամբ՝ քրիստոնյաները, մասնավորապես հայերն այսօր Թուրքիայում ապրում են երկակի կյանքով։ Դրսում նրանք խուսափում են ի ցույց դնել իրենց ազգությունը, խրտնում են տարաբնույթ հարցերի հանրային քննարկումից, վախենում են և քողարկում իրենց ծագումնաբանությունը, բայց տանն ապրում են բոլորովին այլ կյանքով։ Թեև Աքչամն այս պահին չի տեսնում մեկ այլ ցեղասպանության հավանականություն, սակայն նրա կարծիքով՝ մտահոգիչ երևույթներն իրոք անհանգստության տեղիք են տալիս։
«Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում շատ բան է փոխվել։ Մինչև այդ հանցագործությունը եղել են բազմաթիվ ազգայնական հրապարակումներ, բայց մենք արդեն որոշակիորեն հաջողություն ենք գրանցել մեր հոգեբանական պայքարում։ Այո, այսօր ցեղասպանության ժխտումը Թուրքիայում դարձել է պետական քաղաքականություն, և այդ առումով գործում է մի ամբողջ ինդուստրիա, սակայն իշխանությունն արդեն կորցրել է իր հիմքերը սեփական հասարակության մեջ։ Օրինակ, քրդերին չեք համոզի, որ հայերի ցեղասպանություն չի եղել»,- նշեց թուրք մտավորականը։ Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի Նյու Յորքում թուրքական կառավարությունը կազմակերպեց մեծ համաժողով հետևյալ խորագրով՝ «Խնդրում ենք լսել նաև մեզ»։
Փաստորեն այն կառավարությունը, որը ցեղասպանության մասին գրող թուրք մտավորականներին քարշ էր տալիս դատարանից դատարան, հիմա աղերսում է, որ լսեն նաև իր տեսակետը։ «Միջազգային ասպարեզում թուրքական իշխանությունները կորցրել են բոլոր հեղինակավոր հարթակները, որտեղ կարող են խոսել հայերի ցեղասպանության ժխտման մասին։ 2000-ական թվականներին ես նույնպես ենթարկվում էի հարձակումների նույնիսկ ԱՄՆ-ում, երբ պարբերաբար մասնակցում էի համաժողովների ու ներկայացնում էի զեկույցներ միայն ոստիկանության պաշտպանության ներքո։ Չնայած այդ խոչընդոտներին՝ամերիկյան համալսարաններում Հայոց ցեղասպանությունն արդեն փաստագրված և անժխտելի իրողություն է»,- հավաստիացրեց Աքչամը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում նույնպես այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ իսկապես կատարվել են հանցագործություններ, սկսել են ազատ արտահայտել իրենց մտքերը։ 2011-15 թվականներին բազմաթիվ քաղաքներում նշել են Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։
«Ես գիտեմ միայն մի բան։ Մեզ մնում է շարունակ պայքարել։ Կա ասացվածք՝ ազատությունն ազատ չէ։ Եթե ուզում ես արդարադատություն, ժողովրդավարություն և ազատություն, հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, ապա դրանք անվճար արժեքներ չեն և ազատորեն մարդկանց չեն տրվում, հետևաբար դուք պետք է վճարեք դրա համար։ Թուրքիայում կան բավականին շատ մարդիկ, ովքեր պատրաստ են վճարել այդ գինը»,- եզրափակեց Աքչամը։