Չինաստանը ձե՞ռք, թե՞ ձեռնոց է նետում ԵՄ-ին Կովկասում
23-04-2025 19:00:06 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Չինաստանն ու Ադրբեջանն Իլհամ Ալիևի՝ Պեկին կատարած այցի ընթացքում նախագահների մակարդակով ստորագրել են ռազմավարական համապարփակ գործընկերության մասին հայտարարություն, որը բավականին հանգամանալից ու մանրամասն փաստաթուղթ է՝ գրեթե երկու տասնյակի հասնող կետային անդրադարձերով:
Այդ փաստաթուղթը, ըստ էության, այն մասին է, որ Չինաստանն առաջիկայում կարող է զգալիորեն խորացնել իր ներկայությունը Ադրբեջանում, եթե, իհարկե, հայտարարությունը չմնա թղթի վրա, և Բաքուն դրան չհասնի պարզապես այլ ուղղությամբ «բարեհաջող վաճառելու» համար: Հատկապես, որ առաջիկայում սպասվում է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր հանձնակատար Կայա Կալլասի այցը Բաքու:
Պեկինից վերադարձից փաստացի անմիջապես հետո Ալիևը կհանդիպի Կայա Կալլասի հետ: Ի դեպ հատկանշական է, որ Չինաստանում ստորագրված հայտարարության մեջ հատուկ անդրադարձ կա նաև Չինաստան-Եվրոպա-Չինաստան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տրանսպորտային ուղիներին: Եվ այստեղ, իհարկե, կան մի շարք առանցքային, հիմնարար հարցեր, որոնք արժանի են Հայաստանի ուշադրությանը, որոնք կարող են պարունակել թե՛ հնարավորություններ, թե՛ բազմապատկել ռիսկերը: Մի քանի շաբաթ առաջ Կայա Կալլասը Ուզբեկստանում հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է 10 միլիարդ եվրո ներդնել Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի համար՝ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար:
Հատկանշական է, որ ԵՄ պաշտոնյան, իսկ հետո նաև ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովում ելույթ ունեցած Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենն օգտագործել են Կենտրոնական Ասիա-Եվրոպա «աշխարհագրությունը», չհիշատակելով Չինաստանին: ԵՄ-ն կփորձի ամրանալ Կովկաս-Կենտրոնական Ասիա պարամետրով, որպեսզի հետագայում արդեն ավելի ամուր դիրքերի՞ց խոսի Չինաստանի հետ, թե՞ Բրյուսելը Չինաստանին կփորձի դիտարկել Տրանսկասպաիական միջանցքը կառուցելու ուժեղ գործընկեր:
Հայաստանի համար այստեղ էականն այն է, թե Եվրամիությունն ու Չինաստանը տրանսպորտային հաղորդակցության ինչ ռեժիմներ են պատկերացնում: Մասնավորապես, ֆոն դեր Լայենը, օրինակ, ԵՄ-ԿԱ գագաթնաժողովի ընթացքում խոսել էր «անխոչընդոտ սահմանների» մասին: Չին-ադրբեջանական հայտարարությունում խոսվում է, որ Չինաստանը պատկերացնում է տրանսպորտային լոգիստիկայի մաքսային այնպիսի կարգավորումներ, որոնք կապահովեն արագընթաց կապը Չինաստան-Եվրոպա-Չինաստան: Մեծ հավանականությամբ՝ Կալլասի՝ Բաքու կատարելիք այցը պարզություն կմտցնի այն հարցում, թե արդյո՞ք կովկասյան ռեգիոնի ուղղությամբ Բրյուսելն ու Պեկինը կգնան գործակցությա՞ն, թե՞ դիմակայության ճանապարհով:
Բաքվից հետո Կալլասը հավանաբար կայցելի Երևան՝ անմիջապես, կամ կարճ ժամանակ անց: Համենայն դեպս, նրա Երևան այցը ազդարարել է շաբաթներ առաջ Հայաստան և Ադրբեջան այցելած Գերմանիայի նախագահ Շտայնմայերը: Բաքվում ապրիլի 25-ին Կալլասի անցկացրած քննարկումների տրամաբանությունը շատ բան կկանխորոշի Երևանում նրա օրակարգի հարցում: