Փեզեշքիանը Բաքու է մեկնում նուրբ ակնարկով, բայց կոշտ զգուշացումով


Փեզեշքիանը Բաքու է մեկնում նուրբ ակնարկով, բայց կոշտ զգուշացումով

  • 28-04-2025 18:44:10   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am «Մենք երկու կողմից էլ հարազատներ ենք։ Փոխայցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Այդ պատճառով մենք պետք է ճանապարհներ բացենք փոխադարձ ուղևորությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և երկու երկրների ժողովուրդների համար ստեղծել հանգիստ և բարեկեցիկ կյանք»,- Ադրբեջան այցից առաջ ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
 
Առաջին հայացքից այսպես ասած ստանդարտ դիվանագիտական ոճ պարունակող այս հայտարարությունն իր մեջ թերևս պարունակում է Բաքվին ուղղված որոշակի նախազգուշական տողատակ: Իրանի նախագահը, որը ապրիլի 28-ին մեկնարկել այցն Ադրբեջան, Իլհամ Ալիևին ակնարկում է, որ եթե Ադրբեջանը որևէ կերպ նպաստի Իրանում հանգստության խաթարմանը, ապա Իրանը, թերևս, լիովին հնարավորություն ունի խաթարել Ադրբեջանում Իլհամ Ալիևի և իշխանության հանգստությունը:
 
Խոսելով երկու ժողովուրդների համար հանգիստ և բարեկեցիկ կյանք ստեղծելու մասին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ըստ ամենայնի, շոշափում է այն հավակնությունները, որ Իրանի հյուսիսում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված տարածքների առնչության, թերևս, տածում է Բաքվի իշխանությունը, այն հույսով, որ այդ հավակնությունները մի օր կարող են պահանջված լինել Իրանի դեմ ավելի խոշոր աշխարհաքաղաքական գործողությունների և հավակնությունների շրջանակում, որ ունեն Իրանի հակառակորդները:
 
Ավելին՝ ինչպես հայտնի է, Իրանը «ներսից պայթեցնելու» այսպես ասած «թեորիան» ոչ պակաս տարածում ունի որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում, որքան Իրանին հարվածելու նրանց ձգտումը: Իսկ «ներսից պայթեցնելու» հարցում, իհարկե, առանցքային ռեսուրս դիտվում են հենց էթնիկ ադրբեջանաբնակ շրջանները, և այդ հարցում էլ Ադրբեջանը: Այստեղ հատկանշական է այն, որ Իրանի նախագահ Փեզեշքիանն ինքը ծագումով էթնիկ ադրբեջանցի է, ինչպես, ի դեպ, նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին:
 
Ընդ որում՝ այդ հանգամանքը մեծ արձագանք էր գտել նաև Հայաստանում, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նախագահ է ընտրվել Փեզեշքիանը: Այդուհանդերձ, այստեղ իրողությունները շատ ավելի բազմաշերտ ու բարդ են, քան առաջին հայացքից արվող «էթնիկ» հիմքով եզրահանգումները: Իրանի կառավարող էլիտայում այդ ծագմամբ քաղաքական գործիչները, և ընդհանրապես թյուրքախոս շրջանակները քիչ չեն: Սակայն նրանց քաղաքական գիտակցության և աշխարհայացքի ձևավորումը էթնիկ հիմքով չէ, այլ իրանյան պետականության և կայսերական հետագծի:
 
Եվ այդ համատեքստում է նաև Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը: Այդ իմաստով, Մասուդ Փեզեշքիանի առաջին հայացքից բարիդրացիական խոսքի տողատակում թերևս բավականին շոշափելի ակնարկ է, որ Իրանն ունի Ադրբեջանի հանրության «հանգիստ և բարեկեցիկ» կյանքի հանդեպ բավականին կարող թելեր, եթե հանկարծ Ադրբեջանը որևէ կերպ մտածի Իրանի «ներսից պայթեցնելու» որևէ կոնֆիգուրացիայի թելը թելելու մասին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը