Ռուսաստանն ու ԱՄՆ կարկանդակի՞ն են մոտ, թե՞ մտրակին
01-05-2025 18:45:45 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Զվեզդա» հեռուստաալիքը, հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին, տեղեկություն է հայտնել, թե մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունենալիք շքերթին ԱՄՆ կարող է ունենալ բարձր մակարդակի մասնակցություն: Ըստ հեռուստաալիքի՝ Մոսկվա կարող է ժամանել պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Առայժմ այդ տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չկա:
Ինքնին այդպիսի տեղեկատվության հրապարակման հանգամանքն արժանի է ուշադրության, որովհետև եթե դա այսպես ասած «հնարք-լուր» է, ապա այդ «հնարքը» փաստորեն գործադրում է պետական գերատեսչությանը պատկանող հեռուստաալիքը, այլ ոչ թե ինչ-որ մասնավոր մեդիակազմակերպություն: Ո՞րը կարող էր լինել այդպիսի «հնարքի» իմաստ, եթե տեղեկությունը այսպես ասած՝ օդից վերցրած կամ մոգոնած է:
Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո ամերիկյան մամուլում հայտնվեց տեղեկություն, թե Թրամփը կարող է մայիսի 9-ին Հաղթանակի 80-ամյակի առիթով ժամանել Մոսկվա: ԱՄՆ նախագահը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, թե չկա դրա որևէ նախադրյալ: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմն այդպիսի հնարավորությունը տարբեր հայտարարություններով նրբորեն կապում էր ուկրաինական հարցում առաջընթացի հետ:
Այդ իմաստով հատկանշական է, որ Ռուբիոյի մասին տեղեկությունը ՌԴ ՊՆ պաշտոնական հեռուստաալիքով հրապարակվում է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում ստորագրվում է ԱՄՆ-Ուկրաինա համաձայնագիրը հանածոների վերաբերյալ: Դա առանցքային համաձայնագիր է, դե յուրե հանածոների, դե ֆակտո ոչ միայն հանածոների մասին: Կարմիր հրապարակում Վաշինգտոնի բարձր մակարդակի պաշտոնյայի ներկայությունը, իհարկե, հնարավոր է, եթե մինչև մայիսի 9-ը հայտարարվի ուկրաինական հարցում որևէ էական համաձայնության մասին:
Կարո՞ղ է Մոսկվան գնալ ընդառաջ՝ այդ կերպ աջակցելով Թրամփին, որն էլ իր հերթին գործուղի Ռուբիոյին՝ հաջակցություն Պուտինի: Համենայն դեպս, այդօրինակ գործարքը այդքան էլ աներևակայելի կամ ֆանտաստիկ չէ, առավել ևս, որ ընդհանուր ուրվագծային ակնարկներ այդպիսի հնարավորության մասին անցնող ամիսներին հնչել են:
Ի դեպ, ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհմը, որը նախագահ Թրամփի վառ աջակիցներից է, այսօր ազդարարել է Ռուսաստանի հանդեպ տնտեսական գերկոշտ պատժամիջոցների փաթեթն ավելի քան 7 տասնյակ կոնգրեսականների հավանությանն արժանացնելու մասին, որով նախատեսվում է Ռուսաստանից էներգակիրներ և այլ ապրանքներ գնող երկրների հանդեպ ԱՄՆ 500 տոկոս մաքսատուրքի սահմանում, եթե Մոսկվան չգնա Կիևի հետ բանակցության:
Հազիվ թե Գրեհմի անոնսը լինի զուտ էմոցիոնալ: Ըստ ամենայնի՝ ԱՄՆ և Ռուսաստանի միջև քննարկվում է առնվազն միջանկյալ համաձայնության որևէ տարբերակ, որը գուցե անհրաժեշտ է երկու կողմին էլ, բայց ամեն մեկին իր համար առավելագույն շահեկան պայմաններով: Գործի են դրվում մտրակներն ու կարկանդակները: Դրանցից ո՞րը կմնա մինչև մայիսի 9-ը: