1in.am Վաշինգտոնը դուրս կգա բանակցությունից, եթե պարզվի, որ Մոսկվան անբարեխիղճ բանակցություն է վարում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը: Վաշինգտոնը պարբերաբար հայտարարում է այդ մասին, չնայած մյուս կողմից նաև հնչում են հայտարարություններ Ուկրաինայում հրադադարի հարցում մոտալուտ համաձայնության մասին:
Այս իրարամերժ հայտարարությունները վկայում են, իհարկե, բավականին բարդ դիվանագիտական գործընթացի մասին, որտեղ յուրաքանչյուր կողմ կոշտ պայքար է մղում իր շահերի յուրաքանչյուր միլիմետրի համար: Այդ պայքարի մաս էր նաև նախօրեին Մոսկվայում ՌԴ և Չինաստանի նախագահների հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ և որի արդյունքում եղել են շատ ծավալուն ու մանրամասն համատեղ հայտարարություններ:
Առանցքային ուշադրության է արժանի այն, որ Մոսկվան ու Պեկինը կոնկրետ թիրախային քննադատության են ենթարկում երկու ուղղություն՝ ԱՄՆ հակաօդային պաշտպանության «Ոսկե գմբեթ» կառուցելու Թրամփի մտադրությունը, և ԱՄՆ-Բրիտանիա-Ավստրալիա ռազմա-քաղաքական դաշինքն ու Ավստրալիայում միջուկային զինանոց ծավալելու հնարավորությունը: Եռյակ դաշինքը՝ ԱՄՆ, Բրիտանիան ու Ավստրալիան, կնքեցին դեռևս ԱՄՆ նախորդ վարչակազմի պաշտոնավարման շրջանում:
Այժմ այդ հարցը, ըստ ամենայնի, Մոսկվայի, Վաշինգտոնի և Պեկինի միջև բանակցության մաս է: Նույնը հնարավոր է ասել թերևս «Ոսկե գմբեթի» մասին, որ Թրամփը մտադիր է կառուցել բազմաշերտ ՀՕՊ համակարգի տեսքով: Պեկինն ու Մոսկվան համարում են, որ այդպիսի համակարգի կառուցումը կխախտի ռազմավարական հարձակողականության ու պաշտպանողականության հարաբերակցությունը, համարելով, որ դա միջազգային քննարկման առարկա է:
Ըստ էության, Մոսկվայում ռուս-չինական բանակցությունը թերևս համապարփակ փաթեթ է, որ կներկայացվի Վաշինգտոնին՝ հնարավոր է ռուս-ամերիկյան առաջիկա շփման ընթացքում, ընդհուպ Թրամփ-Պուտին հանդիպման, որի նախապատրաստական աշխատանքի մասին հայտարարում են թե՛ Մոսկվան, թե՛ Վաշինգտոնը: Մեծ հավանականությամբ, այդ առաջարկի «հակընդդեմ» բովանդակությունը ԱՄՆ նախագահը կփորձի ձևավորել Մերձավոր Արևելք՝ Արաբական Էմիրություններ, Սաուդյան Արաբիա և Կատար այցելության ընթացքում, որ ծրագրվում է մայիսի 13-16-ը: