Փորձագետները համարում են, որ դա առաջին քայլն է, որպեսզի ստեղծվի Իրան-Կենտրոնական Ասիա ազատ առևտրի գոտի: Նման համաձայնագիր Իրանն ունի ԵԱՏՄ հետ, բայց Կենտրոնական Ասիայի երկրներից այդ կառույցին անդամակցում են միայն Ղազախստանը և Ղրղզստանը, որոնց հետ Իրանը ցամաքային սահման չունի:
Ուզբեկստանցի փորձագետ Էրդաշևը կարծում է, որ եթե Տաշքենդը նման ծավալի համագործակցություն է հաստատում Իրանի հետ, ուրեմն երաշխիքներ ունի, որ Իսրայելի կողմից ռազմական հարձակում չի լինի, իսկ իրանա-ամերիկյան բանակցությունների արդյունքում Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցներն առնվազն կմեղմանան:
Էրդաշևը հիշեցնում է, որ դեռևս Ռեիսիի նախագահության շրջանում Իրանն ընդունել է «Հայացք դեպի Արևելք» հայեցակարգային ծրագիր, որ նախատեսում է տնտեսական, կոմունիկացիոն և ենթակառուցվածքային կապերի ստեղծում Կենտրոնական Ասիայի երկրների, Աֆղանստանի և Պակիստանի հետ: Ըստ փորձագետի, Իրանը ծրագրում է «ռազմավարական գործընկերություն հաստատել ոչ թե առանձին երկրների, այլ միասնական Կենտրոնական Ասիայի հետ»:
Այս դիտարկումներում ամենաուշագրավը, թերևս, այն է, որ Կենտրոնական Ասիայի երկրների հետ Իրանը ծրագրում է ստեղծել «Հարավային երկաթուղային միջանցք», որ Կենտրոնական Ասիան Իրանի տարածքով կկապի Թուրքիայի, իսկ նրա միջոցով՝ նաև Եվրամիության երկրների հետ: Ընդ որում, ըստ ուզբեկստանցի փորձագետի, այդ երթուղու գործարկման հարցն Իրանը քննարկում է Շանհայի համագործակցության կազմակերպության հետ: Փորձագետը «Հարավային երկաթուղային միջանցքի» գործարկման հավանականությունը բարձր է գնահատում, քանի որ այդ երթուղով բեռնափոխադրումներն անհամեմատ էժան կլինեն, քան իրականացվում են մուլտիմոդալ «միջին միջանցքով»:
«Միջին միջանցքը», ինչպես հայտնի է, Ադրբեջանի «բանալին» է, որ Իլհամ Ալիևը շահարկում է ոչ միայն Կենտրոնական Ասիայի երկրների, այլև Չինաստանի և Եվրամիության հետ հարաբերություններում: Ուզբեկստանցի փորձագետն ասում է, որ «Հարավային երկաթուղային միջանցքը» դեռևս լիովին պատրաստ չէ, բայց լավագույն հեռանկար ունի:
Վերջերս ադրբեջանական մամուլում ահազանգ է հնչել, որ Կասպից ծովի ծանծաղումը լուրջ խնդիրներ է հարուցել: Ափամերձ նավահանգիստներում իրականացվում են արհեստական խորացման աշխատանքներ: Դա ազդում է բեռնափոխադրումների ժամանակացույցի վրա: Եթե առկա է Չինաստան-Կենտրոնական Ասիա-Իրան բացառապես ցամաքային հաղորդակցության հնարավորություն, ընդ որում դա ավելի էժան է, ապա պետք է ենթադրել, որ «Հարավային երկաթուղային միջանցքի» գործարկմամբ շահագրգռված են ազդեցիկ ուժեր:
Պետք է նկատի ունենալ, որ Իրանը և Ռուսաստանը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի պայմանավորվածության կողմեր են: Ստացվում է, որ երբ Իրանի նախագահը վերջերս Բաքվում խոսում էր հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք խաչմերուկի մասին, նկատի էր ունենում նաև «Հարավային երկաթուղային միջանցքի» գործարկման հավանականությունը:
Ընդ որում, այդ հաղորդակցությունը կարող է օգտագործվել նաև Ռուսաստանի կողմից, որ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային հաղորդակցության երեք երթուղի է ծրագրում՝ արևելյան, կենտրոնական եւ արեւմտյան: Արևելյան թեւը նախատեսվում է Ռուսաստան-Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երթուղով:
Այս քննարկումները և ծրագրավորումները, բնականաբար, շոշափում են Հարավային Կովկասում Ադրբեջանի կարևորության հարցը: Մայիսի 10-ին Իլհամ Ալիևը դժգոհել է, որ որոշ ուժեր հաշվի չեն նստում Ադրբեջանի շահերի հետ: Գուցե նա Կենտրոնական Ասիա-Իրան ուղղակի հարաբերություննե՞րը նկատի ուներ: Չափազանց կարևոր է, որ Իրանի տարածքով Կենտրոնական Ասիայի հետ կապի հարցում, կարծես, ընկալունակ է նաև Թուրքիան: