Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում


Մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները. ովքեր են մասնակցում

  • 16-05-2025 13:19:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, որոնց մասնակցում են Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
 
Նախարարության կողմից հրապարակված կադրերում երևում է, որ Երմակն ու Սիբիգան իսկապես Ստամբուլում են։ Նրանք կանգնած են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանիկողքին։
 
Ավելի վաղ Զելենսկու կողմից հաստատված բանակցային կազմում նրանց անունները չեն եղել:
 
Մայիսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք ընդհատվել են 2022 թվականին։ Զելենսկին պատրաստակամություն էր հայտնել անձամբ մասնակցել դրանց, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել, որ անհրաժեշտության դեպքում կգա Ստամբուլ։
 
Մայիսի 15-ին ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները ժամանել էին Ստամբուլ:
 
Բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության ղեկավար, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում հատուկ ռազմական գործողության բոլոր հրամանատարների հետ հանդիպումից հետո սահմանել է խնդիրները և բանակցային դիրքորոշումը։
 
Մեդինսկու խոսքով՝ ռուսական պատվիրակությունն ունի բոլոր անհրաժեշտ իրավասություններն ու լիազորությունները բանակցություններ վարելու համար և հանձնառու է կառուցողական մոտեցմանը, հնարավոր լուծումների և շփման կետերի որոնմանը։
 
Ուկրաինայի նախագահ Վլադմիր Զելենսկին, սակայն, հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը