Եգիպտոսի նախագահը Դոնալդ Թրամփին կոչ է արել ճնշում գործադրել Գազայի հատվածում հրադադարի հասնելու համար
17-05-2025 16:40:21 | | Ի՞նչ է գրում մամուլը
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համար։
«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Եգիպտոսի նախագահի խոսքերը։«Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին գործադրել բոլոր ջանքերը և ճնշում գործադրել Գազայի հատվածում անհապաղ և լիակատար հրադադարի հասնելու համար»,-ասել է Եգիպտոսի նախագահը Բաղդադում ընթացող Արաբական լիգայի գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Մայիսի սկզբին Իսրայելի իշխանությունները հայտարարել են Գազայի հատվածում ռազմական գործողության զգալի ընդլայնման մասին՝ ՀԱՄԱՍ-ի վրա ճնշումը մեծացնելու նպատակով։
«Գեդեոնի կառքեր»-ն անվանումով գործողությունը ներառում է նոր տարածքների գրավում և պահպանում, Գազայի բնակիչների զանգվածային տեղահանում հյուսիսից հարավ և զինյալների թիրախների վրա հարձակումների ավելացում։Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն մարտական գործողությունները չեն վերսկսվել միջնորդների կողմից կողմերին Գազայի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու փորձերի շնորհիվ։