Սիրիայի ԱԳ նախարար. Դամասկոսը հույս ունի Արաբական լիգայի միասնական դիրքորոշում ունենալ Իսրայելի գործողությունների դեմ
17-05-2025 17:17:42 | Սիրիա | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am Դամասկոսն ակնկալում է, որ արաբական երկրները միասնական դիրքորոշում կընդունեն՝ նպատակ ունենալով աջակցել Սիրիայի ինքնիշխանության վերականգնմանը իր բոլոր տարածքներում։
Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարարության ղեկավար Ասադ ալ-Շեյբանին՝ ելույթ ունենալով Բաղդադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովում, որը հեռարձակվում է իրաքյան «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքով։ Սա տարածաշրջանային կազմակերպության առաջին գագաթնաժողովն է, որին մասնակցում է Դամասկոսի նոր վարչակազմի ներկայացուցիչը։
«Սիրիայի հարավում Իսրայելի շարունակական սպառնալիքներն ու խախտումները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության ամենահիմնական սկզբունքների կոպտագույն խախտում են և վտանգ են ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։ Շարունակվող հարձակումները սպառնում են խաղաղությանը և ճանապարհ են բացում տարածաշրջանում հետագա քաոսի համար։
Մենք հույս ունենք արաբական երկրների միասնական դիրքորոշման և նրանց արդյունավետ դերի վրա՝ աջակցելու Սիրիայի՝ իր բոլոր տարածքների նկատմամբ լիակատար ինքնիշխանությունը վերականգնելու իրավունքին», – ասել է ալ-Շեյբանին։
2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել Արաբական Հանրապետության տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին: