21-05-2025 10:34:00 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Երևանում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Ապա նախատեսված են հայտարարությունները լրատվամիջոցների համար:
Սերգեյ Լավրովը երեկ է ժամանել Հայաստան:
Ռուսաստանի արտգործնախարարի այցին ընդառաջ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացրել:
Լավրովը մայիսի 21-ին հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտնել էր, որ Մոսկվան ու Երևանը մտքեր են փոխանակելու տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման թեմաներով:
Սերգեյ Լավրովի նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր՝ 2022թ. հունիսին, իսկ Միրզոյանի հետ հանդիպել էր հունվարին Մոսկվայում: Հենց այդ այցից հետո Սերգեյ Լավրովն էր հայտնել, որ Միրզոյանն իրեն Երևան է հրավիրել:
Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ ՀԱՊԿ-ը, որի առանցքային անդամներից է Ռուսաստանը, հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Բայց վերջին շրջանում կողմերի հռետորաբանությունը փոխվել է: