Գարի Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնեն հայտնի երաժշտի հեղինակային ստեղծագործությունները
05-06-2025 17:59:41 | Հայաստան | Մշակույթ
Ջազային ճանաչված երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները: «Ջազի Սիմֆոնիա» խորագրով համերգը կկայանա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Երազանքս էր, որ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ կատարենք իմ ֆիլմերի եւ ներկայացումների մեղեդիները՝ «Մուսա լեռան 40 օրը» ներկայացումից, «Լռության սիմֆոնիա» ֆիլմից: Ինչպես արդեն նշեցի, համերգի երկրորդ բաժինը լինելու է սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ առաջին բաժինը՝ սոլո դաշնամուր, որի ժամանակ ես նաեւ նոր գործեր պետք է նվագեմ »,-ասաց ջազային երաժիշտը:
: «Կկատարվի իմ սիրած գործերից մեկը՝ «Նարեկացին», որը երբեւէ չի հնչել, իսկ «Ռեւերանսը» եւ «Զեփյուռը» մեկական անգամ են հնչել»,-նշեց Քյոսայանը: Ասաց, որ ցանկանում է դահլիճին տալ առավելագույնը, որովհետեւ շատ է սիրում իր ունկնդրին, նաեւ կարծում է, որ ամեն ինչ փոխադարձ է: «Մեր ունկնդիրը խստապահանջ է, շատ է սիրում բարձրաճաշակ երաժշտություն՝ լինի ջազ, դասական, թե էստրադային: Մեր ժողովուրդը կարողանում է ընդունել ու գնահատել ճշմարիտ արվեստը: Իսկ ջազն ինքնին հոգեւոր երաժշտություն է, ծնվել է հոգեւոր հիմքերի վրա: Դու նաեւ պետք է հոգեւոր առումով կայուն վիճակ ունենաս, որպեսզի կարողանաս իմպրովիզ անել, քո երաժշտական մտքերը փոխանցել ունկնդրին»,-մանրամասնեց ջազային երաժիշտը: Ջազի եւ սիմֆոնիկ երաժշտության ներդաշնակման մասին էլ խոսեցինք: Գարի Քյոսայանը, որ երեխա ժամանակվանից ջազ է լսել, ընդգծեց, որ ջազի հիմքում դրված են դասական մոտեցումներ եւ այժմ ուրախ է, որ կունենա համերգ՝ իսկ ուղեկցող երաժշտությունը կլինի սիմֆոնիկ նվագախմբի միջոցով. «Այդպես կարող ես երաժշտական գույների ծաղկեփունջ հավաքել քո իմպրովիզացիոն արվեստի եւ կատարման միջոցով»: