Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին


Հասնել վերջնակետին՝ Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով. Բերսեն՝ համաձայնագրի ստորագրման մասին

  • 12-06-2025 10:00:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն Առաջին ալիքի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին:
 
Ինչպես կարող է ԵԽ-ն ապահովել այս որոշման իրականցումը՝ հարցին, Բերսեն պատասխանել է.
 
«Այս թեման մեզ հետաքրքրում է վաղուց: Ես խոսել եմ վարչապետ Փաշինյանի հետ շատ վաղ, այն պահից, երբ համաձայնագրի պայմաններն ընդունվել էին Հայաստանի կողմից: Առիթ եմ ունեցել նաև Ադրբեջանի իշխանությունների հետ խոսել՝ ասելով՝ մենք ցանկանում ենք առաջ գնալ այս հարցով, դուք էլ եք հետաքրքրված որ հստակություն և կայունություն լինի և Հայաստանը բավականին կարևոր քայլ է արել այս ուղղությամբ:
 
Կարծում եմ, որ Եվրոպայի Խորհուրդը երկխոսության հարթակ առաջարկելով այս հարցերի շուրջ, ևս դեր է կատարում: Օրինակ վերջերս Թուրքիայում էի, որտեղ սա ևս թեմա է որպես Հայաստանի հարևան: Թուրքիայում ևս խոսել եմ խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտության մասին:
 
Ռիսկերից մեկն այն է, որ այս քննարկումը կարող է շատ կարևոր լինել Կովկասում, բայց փոքր-ինչ մոռացվի աշխարհում: Մեր նպատակն է հիշեցնել սրա կարևորությունը, շարունակել առաջ տանել քննարկումները և ի վերջո հասնել վերջնական կետին Ադրբեջանի վրա բարեկամական ճնշում գործադրելով, եթե կարող ենք այսպես ասել:
 
Բավականին մեծ առաջընթաց կա վերջին ամիսներին: Մեր խնդիրն այսօր այն է, որ շատ դանդաղ է առաջ գնում գործընթացը, բայց առաջ գնում է: Ինձ կմտահոգեր, եթե ամեն ինչ կանգ առներ ամբողջապես: Այսինքն պետք է պահպանենք այս շարժումը, որ ամեն ինչ տանենք դեպի ստորագրում՝ ինչը հուսով եմ կլինի հնարավորինս արագ»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը