Ուժի կիրառմամբ համաձայանությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, իսկ մենք չենք հանձնվելու․ ՀՀ–ում ԻԻՀ դեսպան


 

Ուժի կիրառմամբ համաձայանությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, իսկ մենք չենք հանձնվելու․ ՀՀ–ում ԻԻՀ դեսպան

  • 18-06-2025 15:33:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ուժի կիրառմամբ համաձայանությունը համաձայնություն չէ, դա հանձնվել է, իսկ մենք չենք հանձնվելու։ 
Այս մասին հունիսի 17–ին հրավիրված ասուլիսում հայտարարեց  Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։ 
 
Ըստ նրա՝ իրենց համար հստակ է, որ ԱՄՆ–ն այս պատերազմում ոչ միայն աջակցում է Իսրայելի սիոնիստական հանցագործ ռեժիմին, այլև մասնակցում է այս հարձակումներին։ 
 
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի՝ Թեհրանը տարհանելու սպառնալիքին, դեսպանը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ թշնամին արդեն պարտվելու շեմին է և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից․ «Պարոն Թրամփը հիմա մի այսպես ասած սատկած ձի վարելու ընթացքում է, հիմարություն է նույն սխալը կրկնել և ակնկալել դրանից նոր արդյունքներ»։  
 
Հարցին արդյո՞ք իրանական կողմը չունի մտահոգություն առ այն, որ այս իրավիճակում ադրբեջանական կողմը կարող է օգտվել առիթից և հարձակվել Սյունիքի վրա,  դեսպան Մ․ Սոբհանին շեշտեց, որ խորհրդակցում են տարածաշրջանի երկրների հետ, ներկայացնում իրենց մտահոգությունները և նաև բազմիցս ապացուցել են, որ իրենց կարմիր գծերը հստակ են, չեն շեղվելու դրանցից․ 
 
«Սյունիքի հետ կապված պահպանում ենք զգոնությունը, կարծում եմ ՀՀ կառավարությունը ևս հետևում է զարգացումներին, մենք շատ սերտ կապեր ունենք ու խորհրդակցություններ ենք անցկացնում, թե Հայաստանի, թե Ադրբեջանի կառավարությունների հետ,  երկրների այսօր ցուցաբերած վարքագիծը հետագայում կազդի մեր և նրանց հարաբերությունների վրա։ Բարեկամին և թշնամուն ճանաչում են բարդ և ծանր վիճակում, շնորհակալություն ՀՀ-ին այս գործողությունները դատապարտելու համար»։
 
ՀՀ–ում ԻԻՀ դեսպանը նաև նկատեց, որ մամուլում ու սոցցանցերում Իրանի մասին տարբեր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են շրջանառվում՝ այդպիսով նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե Իրանում լարված է վիճակը, ժողովուրդը վախեցած է ու խուճապի մատնված․  
 
«Արևմուտքի և բազմաթիվ եվրոպական երկրների խնդիրն այն է, որ նրանք չեն ճանաչում Իրանի ժողովրդին։ Մենք հիմա խոսույթների և կամքերի հակամարտության տիրույթում ենք գտնվում, կամքերի այդ մարտի մեջ Իրանի ժողովուրդը երբեք չի պարտվել և դրանով մեծ դաս է տվել ագրեսորներին։ Շատ լավ գիտեք, որ սիոնիստական ռեժիմը կայծակնային հարձակում իրականացրեց, նման հարձակում գերմանացիներն իրականացնել են 2–րդ համաշխարհային պատերազմում, այսիպիսով փորձելով մյուս կողմին հոգեբանորեն կոտրել, նաև խլել կազմակերպչական և կառավարական հնարավորությունները, սակայն այդ ամենով հանդերձ նրանց հարձակման արձագանքը շատ չուշացավ»։  
 
Դեսպանը նաև հերքեց ադրբեջանական մասնակցությունն այս պատերազմին՝ ի աջակցություն Իսրայելի, նրա պնդմամբ, եթե լինեն ապացուցված փաստեր, ապա դա հստակ հետևանքներ կունենա։ 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն