ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը մեկնարկում է ուսուցման առաջադեմ մեթոդաբանությունների վերաբերյալ նոր դասընթացներ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում
ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը մեկնարկում է ուսուցման առաջադեմ մեթոդաբանությունների վերաբերյալ նոր դասընթացներ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում
18-06-2025 19:20:24 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Շարունակական կրթության բաժինը մեկնարկեց «Մտավոր սեփականության և ուսուցման առաջադեմ մեթոդաբանության վերջին զարգացումները» երկրորդ հնգօրյա դասընթացը: Դասընթացի նպատակն է վերապատրաստել Հայաստանի մտավոր սեփականության ուսումնական կենտրոնի ապագա ուսուցիչներին՝ խորացնելով նրանց գիտելիքները և հմտությունները: Այս նախաձեռնությունը համատեղ իրականացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիան (ՄՍՀԿ) և ՀԱՀ Շարունակական կրթության բաժինը:
ՀՀ մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնը հիմնադրվել է 2023 թ․ աշնանը՝ ՄՍՀԿ ակադեմիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի միջև կնքված հուշագրի հիման վրա: ՀԱՀ փոխնախագահ դոկտոր Ալինա Ղարաբէգեանը նշում է․ «Այս նախաձեռնությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի ռազմավարական համագործակցության արդյունքն է, որի հիմքում համագործակցության հուշագրի ստորագրումն է: Հուշագիրը կողմերին պարտավորեցնում է նպաստել մտավոր սեփականության վերաբերյալ կրթության խթանմանը, ազգային համակարգի ամրապնդմանը և մեր ծրագրի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին»: Մտավոր սեփականության գրասենյակի մեկնարկից ի վեր պլանավորված վերապատրաստման դասընթացներից առաջինն անցկացվել է հեռավար ձևաչափով՝ 2023-ի հուլիսի 17-28-ը, ՄՍՀԿ (WIPO) ակադեմիայի փորձագետների կողմից:
Երկրորդ դասընթացը իրականացնում է ՀՀ ազգային մտավոր սեփականության կենտրոնը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՄՍ գրասենյակի և ՀԱՀ-ի միջև կնքված հուշագրի հիման վրա: Կենտրոնը կգործի ՀԱՀ-ում: Դասընթացի ուսումնական ծրագիրը նախատեսված է կենտրոնի մասնակիցների համար, որոնք ընտրվել են որպես մտավոր սեփականության առարկայի դասընթացավարներ և կդասավանդեն ինչպես մտավոր սեփականության ազգային կենտրոնում, այնպես էլ այլ ուսունական հաստատություններում: