Ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն` Սամվել Կարապետյանի մասին


Ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. ՀԷՑ–ի տնօրենի ԺՊ–ն` Սամվել Կարապետյանի մասին

  • 30-06-2025 12:29:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՀԷՑ գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանն անդրադարձել է ընկերության աշխատակիցների աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու մասին իշխանական շրջանակների տարածած լուրերին։
 
Սամվել Կարապետյանին ճանաչելով` վստահ եմ, որ ճնշումներով նրա հետ հնարավոր չէ պայմանավորել. այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը` մեկնաբանելով տեղեկությունները, թե իշխանությունը փորձում է ՀԷՑ–ի սեփականատիրոջը ազատազրկելով` նրան ստիպել ստորագրել ՀԷՑ–ը վաճառելու պայմանագիրը։
 
«Ցանկություններ կարող են լինել` պայմանավորվելու, ազատության գին և այլն։ Բայց Կարապետյանին ճանաչողներս գիտենք, որ նման բան հնարավոր չէ»,– ասաց Ղազինյանը` հավելելով, որ գործարքի գնացող մարդն այսպիսի վիճակում չէր հայտնվի։
 
Ինչ վերաբերում է ՀԷՑ–ի աշխատակիցներին հեղափոխելու մասին իշխանությունների բացահայտ հայտարարություններին, տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ կոնկրետ փաստեր այդ գործողությունների մասին չունեն, բայց կան տարբեր ասեկոսեներ։
 
«Ասում են` հեսա գալիս են, նոր կառավարիչ են նշանակում, 30 տոկոս աշխատավարձ են բարձրացնում։ Չեմ կարող ասել, թե ինչ քանակի մարդկանց վրա սա կարող է ազդել, բայց մի քիչ մտածող մարդու համար սա միֆ է»,– ասաց նա։
 
Ղազինյանի խոսքով` ընկերությունն այսօր շուրջ 6800 աշխատակից ունի։ Հետևաբար, նրա հաշվարկով, այդքան մարդու աշխատավարձը 30 տոկոսով բարձրացնելու համար շուրջ 3 մլն մարդ պետք է սկսեն էլեկտրաէներգիայի դիմաց ավելի թանկ վճարել։ Այլ կերպ ասած` դա հնարավոր է միայն սակագնի բարձրացման դեպքում։
 
Ղազինյանն արձագանքեց նաև այն տեղեկություններին, թե ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը աշխատում է ՀԷՑ–ում` որպես Սամվել Կարապետյանի եղբորորդու` Նարեկ Կարապետյանի խորհրդական։
 
Ղազինյանը չհերքեց լուրը` հավելելով, որ Տիգրան Վարդապետյանը «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրենի խորհրդականն է։ Բայց և շեշտեց` ընկերությունում աշխատանքի են ընդունվում ոչ թե բարեկամական կապերով, այլ մասնագիտական կարողություններով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը