ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները․ նախարար


ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները․ նախարար

  • 30-06-2025 13:55:10   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այսօր ուրախ եմ, որ Կայա Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալից ձեռքբերում. առաջինը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամի կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը տեղի ունեցավ քիչ առաջ: Սա ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակն է, որը միևնույն ժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը և ցանկությունը»: 
 
Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա թվարկեց մյուս երկու ձեռքբերումները:
 
«Երկրորդ. այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը: Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր:
 
Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը: Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը:
 
Երրորդ. ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը:
 
Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ վերջին տարիներին Հայաստանի կողքին լինելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը