Ռուսաստանի շրջանավարտները փառաբանել են Բանդերային, հետո «զղջացել»
03-07-2025 18:19:12 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հունիսի 25-ին ՌԴ Տոլյատի քաղաքի գիմնազիայի սաները վերջին զանգի արարողությունից հետո զվարճացել են քաղաքային զբոսայգում, որից հետո մի քանի թելեգրամ-ալիքներում տեսագրություն են տարածել և հրապարակայնացրել, թե ինչպես են երգել Ուկրաինայի պետական օրհներգը և «Մեր հայրը Բանդերան է, մայրն՝ Ուկրաինան» երգը:
Փաստի առթիվ ՌԴ Քննչական կոմիտեի Սարատովի մարզային վարչությունը հարուցել է քրեական գործ՝ «նացիզմի պանծացումը» հոդվածով: Տասնյակ պատանիներ և աղջիկներ հարցաքննվել են: Քրեական վարույթն առայժմ կասեցված չէ, բայց նախաքննության մարմինը հաղորդագրություն է տարածել, որ գիմնազիայի շրջանավարտները «խորապես զղջացել են իրենց արարքի համար»:
Կարելի է ենթադրել, որ գործը չի հասնի մի խումբ պատանիների և աղջիկների ձերբակալությանը, բայց, ինչպես հասկացվում է մամուլի հրապարակումներից, գիմնազիայի տնօրենը և դեռահասների ծնողները վարչական պատասխանատվության կենթարկվեն:
Գիմնազիայի տնօրինությունից ՌԻԱ-Նովոստիին ասել են, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր ուսումնական հաստատության աշխատակիցները և սաները «կամավորական աշխատանքներ են կատարում, սովորողները խրամատային մոմեր են պատրաստում, զինվորականների համար քողարկիչ ցանցեր հյուսում»:
Վերջին մեկ-երկու ամիսներին Ռուսաստանի Քննչական կոմիտեն դեռահասների կողմից «ծրագրված, բայց իրենց կամքից անկախ չիրականացված ահաբեկչության» բացահայտման մասին մի քանի հաղորդագրություն է տարածել: Տոլյատիի գիմնազիայի շրջանավարտների կողմից ավարտական երեկոյին Ուկրաինայի օրհներգի և Ստեփան Բանդերային փառաբանող երգի կատարումը, թելագրամ-ալիքներում տեսագրության տարածումը, սակայն, քարոզչական առումով, թերևս, ավելի ծանր հարված է Ռուսաստանի պետական քաղաքականությանը:
Հարկ է նկատի ունենալ, որ դեռահասների դեմարշը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ ոչ միայն ընդդիմադիր, այլև այլընտրանքային լրատվություն գոյություն չունի, սահմանափակված են սոցիալական ցանցերը, իշխում է մի քարոզչություն՝ Ռուսաստանը «պայքարում է նեոնացիզմի և Կիևի ֆաշիստական ռեժիմի դեմ»: Իսկ իրականում, ինչպես տեսնում ենք, կյանք մտնող սերունդն այդ քարոզչությանը չի հավատում: Ավելին, ընդդիմանում է և Ուկրաինային աջակցություն հայտնում: Քննչական կոմիտեում հարցաքննության ժամանակ, իհարկե, դեռահասները «զղջացել են», որպեսզի քրեական պատասխանատվությունից ազատվեն: Բայց նրանք իրենց քաղաքակրթական ընտրությունն արդեն կատարել են: