Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվել է


Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին ԱԺ հայտարարության նախագիծն ընդունվել է

  • 03-07-2025 18:48:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ 57 կողմ, 0 դեմ, ձեռնպահ՝ 0 արդյունքով ընդունվել է: 
 
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագծով, որը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ներկայացմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, ներկայացնելով հայտարարության նախագիծը, մասնավորապես, նշել է. «ՀՀ Ազգային ժողովը, պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահաստատելով իր հավատարմությունն իրավունքի գերակայության և սահմանադրական կարգի սկզբունքներին, հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով ՀՀ Սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ, մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ, հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները, հայտարարում է, որ խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025 թվականի հունիսին»:
 
Հայկ Կոնջորյանն ընդգծել է, որ ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:
 
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ հայտարարության նախագիծն ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր համատեքստում արված հայտարարություն է: Հանձնաժողովի նախագահը կոչ է արել նախագծին տալ դրական եզրակացություն:
 
Հայտարարության նախագիծը քվեարկության արդյունքում ընդունվել է:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը