Թրամփն ու Նեթանյահուն կհանդիպեն․ Իսրայելը գովեստով է խոսել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին
07-07-2025 12:14:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. Հուլիսի 7-ին տեղի կունենա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Թրամփը հստակ հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմից հետո ցանկանում է արագ ավարտին հասցնել Գազայի հակամարտությունը։ Նեթանյահուի և Թրամփի հանդիպումը կարող է նոր խթան հանդիսանալ ԱՄՆ-ի միջնորդությամբ քննարկվող հաշտության առաջարկին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև, սակայն դեռևս անհայտ է՝ արդյոք այն կհանգեցնի՞ պատերազմի ավարտին։
«Արտաքուստ տպավորությունն առավել քան դրական կլինի»,- ասել է Վաշինգտոնում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենը։
Կիրակի օրը՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ, Նեթանյահուն գովեստով է խոսել ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին՝ ընդգծելով, որ այն բերել է ընդհանուր թշնամու նկատմամբ մեծ հաղթանակի։
Նա նաև դրական է արտահայտվել Գազայի հաշտության առաջարկի վերաբերյալ՝ նշելով, որ ձգտում է հասնել քննարկվող համաձայնության՝ սահմանած պայմաններով։
«Կարծում եմ՝ նախագահ Թրամփի հետ հանդիպումը, անկասկած, կարող է նպաստել այն արդյունքին, որի ակնկալիքը բոլորս ունենք»,- ավելացրել է Նեթանյահուն: