Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ ՆԳ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին


 

Համագործակցությունը Չինաստանի հետ ընդլայնվում է․ ՆԳ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին

  • 08-07-2025 16:48:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ 
 
Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց շարունակական զարգացման և խորացման միտումը։
 
Արփինե Սարգսյանը նշել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության և Չինաստանի հասարակական անվտանգության նախարարության միջև համագործակցությունը ձեռք է բերում նոր որակ և ունի ընդլայնման ներուժ։
 
Նախարար Սարգսյանն անդրադառնալով տարածաշրջանային և գլոբալ կապերի զարգացմանը միտված նախաձեռնություններին՝ ընդգծել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունները վստահորեն համադրելի են՝ խթանելու փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցությունը:
 
Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՆԳ նախարարության գործունեությունը՝ հատկապես ներքին կայունության ապահովման և միգրացիոն քաղաքականության ոլորտում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները հանցավորության դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության, աղետների ռիսկի կառավարման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։
 
Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու ժողովուրդների անվտանգության և բարօրության։
 
 ՆԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն