Բաքվում կշարունակվեն Ռուբեն Վարդանյանի գործով լսումները. նա և մյուս հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու որեւէ հնարավորությունից


 

Բաքվում կշարունակվեն Ռուբեն Վարդանյանի գործով լսումները. նա և մյուս հայ գերիները զրկված են իրենց անմեղությունն ապացուցելու որեւէ հնարավորությունից

  • 15-07-2025 11:12:39   | Ադրբեջան  |  Մամլո հաղորդագրություն

Բաքվի ռազմական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատական ֆարսի հերթական՝ 26-րդ նիստը:
Նախորդ շաբաթ փաստաբան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանըծավալուն փաստաթուղթ էր հրապարակել՝ ներկայացնելով  բոլոր այն իրավախախտումները, որոնք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվել են թե՛ նախաքննության, թե՛«դատավարության» ընթացքում: 
«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել էր Սահակյանը։
 
Փաստաթղթում արձանագրվում էր, որ այդ խախտումներն անհնար են դարձրել Ռուբեն Վարդանյանի համար արդյունավետ պաշտպանության իրականացումը: «Այս խախտումներն ստեղծել են մի իրավական միջավայր, որտեղ նա փաստացի զրկված է իր դեմ առաջադրված մեղադրանքները վիճարկելու կամ արդարացնող ապացույցներ ներկայացնելու իմաստալից որևէ հնարավորությունից»,-ասվում է  հրապարակված փաստաթղթում:
 
Թեև մյուս գերիների մասով հնարավոր չէ թեկուզ փոքր տեղեկություն ստանալ, սակայն կասկած չկա, որ նույն իրավիճակն է նաև նրանց պարագայում: 
FreeArmenianPrisoners կայքը պարբերաբար հրապարակում է Ռուբեն Վարդանյանի գործի լսումների արդյունքները՝ հիմք ընդունելով տեղացի փաստաբան Աբրահամ Բերմանի՝ ընտանիքին փոխանցած տեղեկությունները:
 
Նախորդ՝ հուլիսի 8-ին կայացած նիստում Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը կրկին դատական նախկին որոշումների քաղվածքներինծանոթանալու միջնորդություն էին ներկայացրել, որոնք չեն բավարարվել:
 
Նիստի մյուս հատվածում ենթադրյալ տուժողներն վկայություններ են տվել  ռազմական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքների մասին: Ինչպես նախորդ լսումների ժամանակ, ցուցմունք տված անձանցից ոչ մեկը Ռուբեն Վարդանյանի հետ անձամբ ծանոթ չի եղել: Բոլորը նշել են, որ նրա մասին լսել են միայն լրատվամիջոցներից կամ սոցիալական ցանցերից: Նկարագրված դեպքերի հետ Ռուբեն Վարդանյանին կապող փաստական որևէ ապացույց չի ներկայացվել։ 
Ռուբեն Վարդանյանը և մյուս 22 հայ գերիներն արդեն շուրջ  656 օր ապօրինի կալանվորված են Բաքվում:
 
Միջազգայինհանրությունը և իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս պահանջել են անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակել հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին և ռազմագերիներին։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն