Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը


 

Բարդության համաչափություն՝ պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

  • 25-07-2025 13:20:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մի խումբ դասվարների հետ՝ քննարկելու նրանց՝ կամավոր ատեստավորման գործընթացին վերաբերող առաջարկություններն ու դիտարկումները:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանը:
 
Ողջունելով ուսուցիչներին և շնորհակալություն հայտնելով համախմբվածության ու նախաձեռնողականության համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ կամավոր ատեստավորման գործընթացում առաջնային խնդիրներից մեկը բոլոր առարկաների համար բարդության համաչափության ապահովումն է՝ պահպանելով արդարության սկզբունքը:
 
«Կամավոր ատեստավորումը չի կարող մի առարկայի պարագայում ավելի բարդ լինել, իսկ մի ուրիշի դեպքում՝ պարզ, հատկապես որ գործընթացը նաև խրախուսման որոշակի համակարգ է ենթադրում: Արձանագրված անհարթությունները տարեցտարի փորձել ենք կարգավորել, և այդ մոտեցումը շարունակական է՝ հաշվի առնելով արդարության սկզբունքի պահպանումը և առարկաների բովանդակային յուրահատկությունները։ Տարրական դասարաններում դասավանդումը, իհարկե, ունի իր առանձնահատկությունները․ առնվազն մեթոդական առումով աշխատանքը զգալի բարդ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել՝ նախորդ տարիների վերլուծությունը փաստել է, որ համաչափության խնդիր կա։
 
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի առնելով նախորդ տարվա կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները և ուսուցիչների հետ քննարկումները: Ըստ նախարարի՝ ուսուցիչների առաջարկությամբ կամավոր ատեստավորման թեստերում բոլոր առարկաների համար նույն քանակությամբ առաջադրանքներ են լինելու, ուղեցույցները լրամշակվել են՝ դառնալով ավելի պարզ և բովանդակալից, վերանայվում են նաև գրականության ցանկերը։
 
Ժաննա Անդրեասյանը ուսուցիչներին հորդորել է գործընթացը դիտարկել ոչ միայն տարրական դասարանների դասավանդման, այլև բոլոր առարկաների ուսուցիչների համար նույն պայմանների ապահովման տեսանկյունից։
 
Դասվարների խոսքով՝ մասնագիտական համայնքը կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է համարում, սակայն ունի որոշ դիտարկումներ։ Մասնավորապես՝ մտահոգություն է առաջացրել մեթոդիկային վերաբերող հարցերի գերակշռությունը։ Ուսուցիչներն ընդգծել են, որ տարիների ընթացքում ձևավորել են իրենց մեթոդական մոտեցումները՝ չշեղվելով դասական մեթոդիկայից, և այժմ ստիպված են վերանայել դրանք՝ ատեստավորմանը մասնակցելու համար։
 
«Մենք, իհարկե, խրախուսում ենք մանկավարժական նորարարությունը, սակայն պետք է հիշել՝ մեթոդի մեջ նորարարություն իրականացնելու համար նախ պետք է խորապես տիրապետել առկա մեթոդներին։ Դասվարների պարագայում մեթոդիկայի իմացությունը հիմնարար նշանակություն ունի»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մասնագիտական կարծիքներն առաջիկա ատեստավորման ընթացքում անպայման հաշվի կառնվեն։
 
Քննարկվել է նաև մեթոդական ուղեցույցներում գրականության ցանկի հստակեցման, թեմատիկ շրջանակների սահմանման, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված և գործածության երաշխավորված դասագրքերի հղումներն ուղեցույցներում ներառելու անհրաժեշտությունը։ Միաժամանակ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է՝ նոյեմբերին մեկնարկելիք կամավոր ատեստավորման թեստային առաջադրանքներում կներառվեն նախորդ ուսումնական տարում արդեն իսկ դպրոցներում կիրառված դասագրքերի և ուսումնական ծրագրերի նյութերը:
 
Հանդիպման ավարտին դասվարները շնորհակալություն են հայտնել կառուցողական քննարկման և իրենց դիտարկումներն արտահայտելու հնարավորության համար։ Նախարարը կարևորել է ուսուցիչների միասնականությունը՝ ընդգծելով, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր բարելավել գործընթացը՝ բարձրացնելով համակարգի արդյունավետությունը։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն