Թեհրանը պնդում է, որ Ադրբեջանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան


 

Թեհրանը պնդում է, որ Ադրբեջանը դատապարտել է Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան

  • 28-07-2025 13:28:40   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը դատապարտել է անցյալ ամիս Իրանի դեմ Իսրայելի կողմից իրականացված ագրեսիան։ Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ կիրակի  Հաջիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի արտաքին քաղաքականության հարցերով քարտուղարի տեղակալի հետ։
 
Նշվում է, որ Իլհամ Ալիևի խորհրդականը դատապարտել է Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ և գիտնականներ: Նա ցավակցություն է հայտնել զոհերի մահվան կապակցությամբ։ Ըստ հրապարակման՝ երկու կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու փոխադարձ կապերը և արագացնելու նախագահների միջև նախկինում  ձեռք բերված համաձայնագրերը։
 
Լրտավմիջոցն ընդգծում է, որ Հաջիևի հեռախոսազրույցը հաջորդել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի մեկնաբանություններին, որը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում պնդել էր, թե Իրանը թուլացել է Իսրայելի պատերազմից հետո: Դիքը նաև պնդել է, որ աշխարհը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասը, այժմ ավելի անվտանգ է դարձել։ Բաքվում Իրանի դեսպանատունը խստորեն դատապարտել է Իսրայելի դեսպանի խոսքերը՝ նշելով, որ իսրայելական ռեժիմն Արևմտյան Ասիայի բոլոր խնդիրների արմատական պատճառն է՝ իր ագրեսիվ գործողությունների և ծավալապաշտական  քաղաքականության պատճառով։ «Իսրայելը համաշխարհային խաղաղության համար ամենամեծ սպառնալիքն է, և այս հանցավոր կազմավորմանը զսպելու համար լուրջ միջազգային գործողությունների բացակայությունը կհանգեցնի անկայունության տարածմանը ամբողջ աշխարհում»,- շաբաթ հայտարարել էր Իրանի դեսպանատան խոսնակ Բեհնամ Մալեքպուրը։
 
Հավելենք, որ ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը