Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. կա տուժած


 

Երևանում բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ը. կա տուժած

  • 29-07-2025 16:30:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտոթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Ուրալ» մակնիշի բեռնատարը ու «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:  Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Նիկոլայ Միրզոյանը:  Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է քննությունը վարեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Երևանի կայազորի քննիչները:
 
  Ծանուցում.
 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
 
                                            
 
 
                    
                                            
                        
                            
                                
                                    
                                    ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
                                    1+
© https://shamshyan.com/hy/article/2025/07/29/1288129
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը