ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին


 

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատարին

  • 29-07-2025 19:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալիի (նստավայրը՝ Իրան) գլխավորած պատվիրակությանը։
 
Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունն աֆրիկյան պետությունների հետ՝ մասնավորապես կարևորելով նաև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում։ Նա կարևորել է Նիգերիայի Դաշնային Հանրապետության հետ մշակութային երկխոսությունը՝ ընդգծելով հատկապես պատմամշակութային ժառանգության փոխճանաչումը:
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում ՀՀ-ում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է լավագույն փորձի փոխանակումը:
 
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը՝ որպես ժամանակակից հետազոտական ու նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայրի ստեղծում: 
 
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված են մի շարք թիրախներ, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների թվի շեշտակի աճ: Նշելով, որ նախորդ ուսումնական տարում ՀՀ բուհերում սովորել է Նիգերիայի 23 քաղաքացի՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ այս թիվն առաջիկայում կարող է մեծանալ: Այս համատեքստում քննարկվել է աֆրիկյան պետությունների քաղաքացիների համար նախատեսվող պետական կրթաթոշակային ծրագրի մշակման հնարավորությունը:
 
Անդրադառնալով օտարերկրյա ուսանողների ներգրավման պայմանների բարելավմանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ գործարկվել է fs.emis.am էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը պարզեցնելու և ամբողջությամբ առցանց եղանակով կազմակերպելու նպատակով։
 
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանում գործում են որակյալ կրթական մոդելներ՝ առանձնացնելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների, ՔՈԱՖ Սմարթ կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հաջողված օրինակները։
 
Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել կիսվելու «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան փորձով, որը, նրա խոսքով, օրինակելի է համարվում մի շարք պետությունների համար:
 
Անդրադառնալով մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանը՝ քննարկվել են մշակութային միջոցառումների, ինչպես նաև ստեղծարար արդյունաբերության, մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է այդ ոլորտներում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով փոխադարձ այցերի, փառատոների, մարզական ու մշակութային միջոցառումների երկկողմ մասնակցության կարևորությունը։
 
Նիգերիայի դեսպանության գործերի հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Նիգերիան Հայաստանի հետ հարաբերություններում կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առանձնակի կարևորություն է տալիս: Նա ընդգծել է հատկապես բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների ներգրավման, կրթական լավագույն ծրագրերի տեղայնացման հանդեպ հետաքրքրությունը:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի միջոցով խթանելու կրթական, մշակութային նախաձեռնությունները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն