Չդադարող ծափահարություններ. «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի դեբյուտային համերգը
05-08-2025 18:46:15 | Գերմանիա | Մշակույթ
Բեռլինի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան դեբյուտային համերգը՝ միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic» փառատոնի շրջանակում։
Երիտասարդ երաժիշտների համերգն ավարտվել է հոտնկայս ծափահարություններով: Հայաստանյան պատվիրակությունը Բեռլին էր մեկնել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելու հայկական երաժշտական կրթության և մշակութային ներուժի լավագույն կողմերը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ անվանի վիրտուոզ շեփորահար Սերգեյ Նակարիակովի մենակատարմամբ, ինչպես նաև՝ Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտն ու Անտոնին Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհից» սիմֆոնիան։
Պատասխանատու այս օրվան «Երևան» երիտասարդական նվագախմբի շնորհաշատ երաժիշտները պատրաստվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների օգնությամբ։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։Երիտասարդ երաժիշտներն այսկերպ ազդարարել են միջազգային բեմերի իրենց արժանապատիվ մուտքը։«Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությունն այս փառատոնին կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։