ՀԷՑ-ի բարձրագույն ղեկավարության՝ պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում ունենք մեծ խնայողություն. Պետրոսյան


 

ՀԷՑ-ի բարձրագույն ղեկավարության՝ պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում ունենք մեծ խնայողություն. Պետրոսյան

  • 25-11-2025 11:36:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նստավայրում ընդունել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, նրանք քննարկել են ՀԷՑ–ում ստեղծված իրավիճակը։
 
Պետրոսյանը հայտնել է, որ ՀԷՑ–ի բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի և տեղակալների կողմից կամովին պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել և իր նշանակման հենց առաջին ամսին ՀԷՑ–ի մինչև 200 հազար համախառն եկամուտ ունեցող աշխատակիցների համար 20 հազար դրամի պարգևավճարներ են սահմանվել:
 
«Արդեն 4-րդ ամսին է՝ նրանք կստանան դա։ Արդյունքում 1700 աշխատակիցներ օգտվում են դրանից։ Միջինացված 10-20 տոկոս բարձրացում է տեղի ունեցել։ Դա շարունակական է, քանի դեռ չենք կարողանում դրույքաչափերի ու հաստիքացուցակների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենների խորհրդին։
 
ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի շուրջ 6800 աշխատակիցներից ուղիղ կեսը՝ 3400 աշխատակիցներ վարձատրվում են 320 հազար դրամից ցածր, իսկ նրանցից 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը։ Դրանք են մոնտյորներ, տեսուչների մի մասը, վարորդներ, բանվորներ և այլն։
 
300-600 հազար դրամի սեգմենտում վարձատրվում են մոտ 1500 աշխատակիցներ։ Աշխատավարձերի այդ կառուցվածքը մեծապես կախված է ամսական արդյունքային ցուցանիշներից՝ կորուստներ, խափանումներ»,- ասել է Պետրոսյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը