ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց. կան մարդիկ, որոնք կապեր ունեն հոգևորականների հետ. Հովհաննիսյան
05-12-2025 13:13:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. «Վարչապետը երեկ բավական հստակ մեկնաբանեց հարցը։ Խոսքը որևէ ճնշման կամ պատարագի տեքստը ստիպողաբար փոխելու մասին չէ։ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, և բնական է, որ մենք տարբեր մարդկանց միջոցով, որոնք ծանոթ են հոգևորականների հետ, պարզաբանումներ ենք ստանում պատարագի վերաբերյալ»:
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե կան քննադատություններ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին այն բանի համար, որ նա ԱԱԾ-ի միջոցով հորդոր է հղում հոգևորականներին պատարագում խմբագրել իրենց տեքստը, որ 25 տարի շարունակ հնչեցրել են՝ հանելով Գարեգին Բ-ի անունը:
Հովհաննիսյանը նշել է, որ նման ձևակերպումները, թե ինչ-որ բան «ստիպում են», իր կարծիքով, տեղին չեն:
«Այդ մարդկանց թվում կարող են լինել նաև ԱԱԾ աշխատակիցներ, բայց դա որևէ կերպ կապ չունի ճնշման կամ ցենզուրայի հետ։ Վարչապետը ըստ այդմ է որոշում՝ մասնակցե՞լ պատարագին, թե՞ ոչ՝ կախված նրանից, արդյոք տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը»,- ասել է նա:
Լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք ԱԱԾ-ն իրականում այցելո՞ւմ է հոգևորականներին, Հովհաննիսյանը պատասխանել է.
«ԱԱԾ-ն որևէ տեղ չի գնում որպես ուժային կառույց։ Վարչապետը բացատրել է՝ խոսքը տարբեր մարդկանց մասին է, որոնք ունեն կապեր հոգևորականների հետ։ Նրանց շարքերում կարող են լինել ԱԱԾ աշխատակիցներ, բայց սա չի նշանակում, որ ԱԱԾ-ն՝ որպես ուժային մարմին, շփվում է հոգևորականների հետ։ Ոչ մի ճնշում կամ պարտադրանք չկա»։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ, անդրադառնալով թեմային, հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, «որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում»:
«Երբ ես մտադիր եմ մասնակցել պատարագի, մենք խնդրում ենք, որ հաշվի առնվի այս փաստը։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, կարող է իմ օգնականը լինել և այլն։ Դա կախված է նրանից, թե ով ում է ճանաչում, և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։
Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ պատարագ գնալու առիթով են շփվում, այնպես որ շատ մի նեղվեք այդ հարցերից»,- նշել էր Փաշինյանը:
Դեկտեմբերի 5-ին էլ նա հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում մասնակցելու է սուրբ և անմահ պատարագի: