«TRIPP ուղի» նախագիծը ունի լիարժեք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. Փաշինյան


 

«TRIPP ուղի» նախագիծը ունի լիարժեք ներուժ՝ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. Փաշինյան

  • 10-12-2025 11:24:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «TRIPP ուղի» նախագիծը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացումը, ունեն լիարժեք ներուժ` դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև անխոչընդոտ կապ, Բեռլինում՝ Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Փաշինյանն ընդգծել է, որ «ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ ենք վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ»:
 
«TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին», - նշել է վարչապետը։
 
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առկա իրավիճակի մասին՝ նշելով. «Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մեր նախորդ հանդիպումից ի վեր մենք ականատես ենք եղել Հայաստանի և Թուրքիայի միջև շփումների ակտիվացմանը»:
 
«Գործնականում մենք շատ ակտիվ բանակցություններ և հարաբերություններ ենք պահպանում պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտականհարաբերությունների բացակայության պայմաններում։ Եվ ես հույս ունեմ, որ Թուրքիան կկայացնի երկար սպասված քաղաքական որոշումը՝ բացելու Հայաստանի հետ սահմանը և հաստատելու դիվանագիտական հարաբերություններ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
 
Նա ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, «TRIPP ուղի» նախագիծը, Հայաստանի և Ադրբեջանի բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ, կառուցողական երկխոսությունը Ռուսաստանի հետ կարող են Հարավային Կովկասը դարձնել ամենագրավիչ տարանցիկ միջանցքներից մեկը՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք երթուղիների հետ միասին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը