13-12-2025 11:59:47 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am․ Եկատերինբուրգի մզկիթներում հավատացյալներին թռուցիկներ են տարածվում և կոչ անում «Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար» ընտրել Քերիմ Գասումովին: Հունիսին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «էթնիկ հանցավոր խմբի» դեմ, ձերբակալվել, ապա «մի քանի անձանց սպանությունը, ուրիշների դեմ մահափորձ կազմակերպելու» մեղադրանքով կալանավորվել է Շահին Շիխլինսկին: Նույն գործով դատավարությունը մեկնարկել է, մեղադրյալի աթոռին հայտնվել են նաև այլ ադրբեջանցիներ:
Շիխլինսկին ավելի քան մեկուկես տասնամյակ գլխավոր է «Ուրալի ադրբեջանական համայնքը»: Նրա դեմ քրեական գործի, այլ ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առթիվ Ադրբեջանի դատախազությունը հանդես է եկել հայտարարությամբ և պահանջել, որ ապահովվի քննության «օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը»: Այդ քայլով Բաքուն բացահայտել է, որ Շիխլինսկին ու մյուսները վայելում են Ադրբեջանի իշխանությունների հովանավորությունը:
Ռուսաստանյան «Կոմերսանտի» ունեցած տեղեկություններով «Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավարի թեկնածու» Քերիմ Գասումը ծնունդով Ադրբեջանի Մասալիի շրջանից է, Ռուսաստանում մշտապես բնակվում է 1976 թվականից, ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից է, ունի ոստիկանության գնդապետի կոչում: Նա հանդես է գալիս Ուրալում «ադրբեջանցիների միասնության և Ռուսաստանի հետ բարեկամության» կարգախոսով: Լրատվամիջոցը հայտնել է, որ մոտ ապագայում «կգումարվի Ուրալի ադրբեջանական համայնքի ավագների խորհրդի նիստ, որը Քերիմ Գասումովին կառաջադրի ղեկավարի թեկնածու»:
Ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից Գասումովն, ամենայն հավանականությամբ, վայելու է Սվերդլովսկի մարզի ուժային կառույցների աջակցությունը: Կարելի է ասել, որ նա «Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար» իշխանական թեկնածու է, որ ընտրվելու դեպքում հանդես է գալու ռուս-ադրբեջանական «բարեկամության պահպանման և ամրապնդման» դիրքերից: Կարելի է ենթադրել, որ Շիխլինսկին որպես «Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար» այլ քաղաքականություն է իրականացրել:
Վերջին շրջանում ադրբեջանական մամուլը կրկին անդրադարձել է Մոսկվայում գործող «միլիարդատերերի ակումբին»:
2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ այդ «ակումբը», որ ստեղծել է Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Աբաս Աբասովը, դեմ է եղել Իլհամ Ալիևի երրորդ ժամկետով պաշտոնավարմանը: Բաքվի քարոզչությունը պնդում է, որ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևը «պետական հեղաշրջման ծրագիրը քննարկել է «միլիարդատերերի ակումբի» հետ»: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի իշխանությունները փորձում են սահմանափակել Ալիևի ազդեցությունը: