Արցախում մեծացած Յանիի մանկության վաղեմի երազանքը կատարվեց


 

Արցախում մեծացած Յանիի մանկության վաղեմի երազանքը կատարվեց

  • 19-12-2025 13:02:30   | Հայաստան  |  Հասարակություն

 
Օրրանի 160 շահառու երեխաների Տաշիր Արենան հրավիրել էր ամանորյա հրաշալի կրկեսային շոուին։ Գունագեղ բեմադրությունը, երաժշտությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար իսկական հեքիաթային տրամադրություն էին ստեղծել։
 
Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային աննկարագրելի էֆեկտներով։ Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։ Տաշիր Արենայի կազմակերպած շոու ծրագրին միացել էր նաև Տաշիր Պիցցա ընկերությունը, որը շուրջ տասը տարի իր աջակցությունն է ցուցաբերում Օրրանի երեխաներին․ տարիների ընթացքում բարեկամ կազմակերպության ցուցաբերած ուշադրությունը միշտ գնահատելի է եղել օրրանցիների կողմից:
 
««Տաշիր Գրուպ»-ի նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների նկատմամբ»,-նշում է Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն