ՔՊ-ականները Փաշինյանից հանդիպում են խնդրել՝ պատմելու Ալեն Սիմոնյանի «խարդավանքների» մասին


 

ՔՊ-ականները Փաշինյանից հանդիպում են խնդրել՝ պատմելու Ալեն Սիմոնյանի «խարդավանքների» մասին

  • 29-12-2025 12:30:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԶԼՄ–ի ունեցած աղբյուրների համաձայն` եթե ընտրություններում ՔՊ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմի, ապա ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կղեկավարի խորհրդարանը։
 
Վերջին օրերին «Քաղաքացիական պայմանագրի» թիմում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ դժգոհության շատ մեծ ալիք է բարձրացել։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները։
 
Լրատվամիջոցը գրում է, որ կուսակցության վարչության նիստերի ժամանակ, երբ քննարկվել է տարբեր ՔՊ–ականների՝ 2026 թ. խորհրդարանական ընտրություններին ընդգրկվելու հարցը, Ալեն Սիմոնյանը գրեթե բոլորի նկատմամբ որդեգրել է շատ ագրեսիվ, հարձակողական դիրք՝ Նիկոլ Փաշինյանի աչքում իր թիմակիցներին «վատ լույսի տակ ներկայացնելու» համար։
 
«Այժմ ՔՊ–ականների մի մեծ «բանակ» պատրաստվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ ունենալ և նրան ներկայացնել, թե Սիմոնյանն ու նրա թիմը ինչ քայլերի են դիմում։ Ըստ նույն աղբյուրների՝ նրանք ամեն ինչ անում են՝ գերիշխող դիրք զբաղեցնելու համար թե՛ ՔՊ վարչությունում, թե՛ հայրենի խորհրդարանում»,– նշված է հրապարակման մեջ։
Այդ իսկ պատճառով, ըստ ԶԼՄ–ի` ՔՊ–ականները Նիկոլ Փաշինյանից առանձին հանդիպումներ են խնդրել՝ Սիմոնյանի և նրա թիմի «խարդավանքների» հետ կապված փաստեր ներկայացնելու համար։
 
Ըստ տեղեկությունների` ՔՊ–ականներն իրենց ներքին խոսակցություններում հայտարարել են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Ալեն Սիմոնյանն այլևս չզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը։
 
«Չնայած դրան՝ ՔՊ վերնախավը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն այնքան դժգոհ է Ալեն Սիմոնյանից, որ այդ հարցում ունի որոշում»,– ընդգծել է լրատվամիջոցը։
 
ArmLur.am–ից նշում են նաև, որ կառավարությունում արդեն տևական ժամանակ է՝ ներքին քննարկումներ են ընթանում ԱԺ նախագահի պաշտոնի շուրջ։ Ըստ ԶԼՄ–ի ունեցած աղբյուրների` եթե ընտրություններում ՔՊ-ն ԱԺ-ում մեծամասնություն կազմի, ապա խորհրդարանը կղեկավարի ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը