Սիմվոլիկ քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին


 

Սիմվոլիկ քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

  • 29-12-2025 13:03:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում «սիմվոլիկ քայլ» կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ։ Ամփոփելով 2025 թվականը՝ նախարարը նշել է, որ տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերը, մասնավորապես TRIPP նախագիծը, թերի կլինեն առանց Թուրքիայի ներգրավվածության, ուստի գործընթացը պետք է ներառի նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
 
Նրա խոսքով՝ Անկարայի հետ երկխոսությունը միայն խոսակցությունների մակարդակում չէ, և արդեն կան կոնկրետ տեխնիկական քայլեր։ Մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ տեղի է ունեցել փորձագիտական խմբի հանդիպում, որը զբաղվել է Գյումրի-Կարս երկաթուղային հանգույցի գնահատմամբ։ Ըստ Միրզոյանի՝ հայ-թուրքական փորձագիտական խումբը եղել է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում, կատարել է ուսումնասիրություններ, և այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են։
 
«Իսկապես, երբ ապաշրջափակման մասին ենք խոսում և հարևանների հետ առնվազն հանդուրժելի, միմյանց հանդուրժող, էլ չասած համագործակցային հարաբերություններ կառուցելու մասին ենք խոսում, անշուշտ, կլինի կիսատություն, եթե այդ կարգավորումը և այդ միջավայրի, մթնոլորտի ձևավորումը չներառեն նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Մենք, պետք է ասեմ, և ես տարբեր առիթներ ունեցել եմ սա ասելու, շատ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ էլի ասել եմ, մի հատ էլ եմ ուզում ընդգծեմ` ժամանակն է, որ մենք ունենանք մեծ, շոշափելի, կոնկրետ առաջընթացներ գետնի վրա։ Հիմա մենք կարող ենք ասել, որ բոլորովին վերջերս, մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, ի թիվս այլ զարգացումների, տեղի ունեցավ Գյումրի-Կարս երկաթուղային՝ այդ հանգույցի գնահատման ուղղությամբ աշխատող փորձագիտական խմբի հանդիպումը։ Հայաստան-Թուրքիա փորձագիտական խումբը եղավ Թուրքիայի տարածքում, այդ հատվածում, այնուհետև անցավ Հայաստանի տարածքում, իր ուսումնասիրությունն արեց, այդտեղ աշխատանքներ կան արդեն: Սա ասում եմ ցույց տալու, որ կան քայլեր և աշխատանք իսկապես արվում է, բայց կհամաձայնեի՝ ժամանակն է, որ մեծ և շատ շոշափելի առաջընթաց արդեն որպես փաստ ունենանք մնացած աշխատանքներին զուգահեռ»,- ասել է Միրզոյանը:
 
Նախարարը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է, քանի որ դա բխում է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի և Իրանի շահերից։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տարվա սկզբին կարելի՞ է ակնկալել շոշափելի տեղաշարժ, Միրզոյանը խուսափել է հստակ ժամկետներ նշելուց ամբողջական գործընթացի համար, սակայն լավատեսություն է հայտնել, որ մոտ ապագայում դրական առաջընթաց կլինի՝ չբացառելով սիմվոլիկ քայլի հնարավորությունը հենց առաջիկա օրերին։
 
«Ես կարծում եմ, որ մենք անպայմանորեն այս ուղղությամբ շատ դրական առաջընթաց ունենալու ենք։ Մի քիչ ժամկետների առումով կանխատեսում չեմ ուզում անել, կարծում եմ, լավ ասեմ՝ կարծում եմ, որ շատ մոտ ապագայում, շատ մոտ: Ընդհանուր առմամբ, սա է այն գործընթացը, սա է այն ուղղությունը, որով տարածաշրջանը գնում է և գնալու է։ Սա անխուսափելիորեն գնացող զարգացումներ են, որովհետև սա շահավետ է Հայաստանի համար, սա շահավետ է Թուրքիայի համար, սա շահավետ է Ադրբեջանի համար, եթե նայենք Արևելք: Սա շահավետ է բոլոր միջազգային գործընկերների համար. սա շահավետ է Եվրոպայի համար, սա շահավետ է Կենտրոնական Ասիայի համար, սա շահավետ է Միացյալ Նահանգների համար, Ռուսաստանի համար, Իրանի համար, և այս պրոցեսը, եթե այնուամենայնիվ կանխատեսում անեի՝ իմ գնահատականը կլիներ շատ լավատեսական։ Ես չեմ կարող ասել` դա կլինի հունվարի 1-ին, 10-ին, 20-ին, թե 30-ին: Ես չեմ կարող ասել` դա հունվարին կլինի, չեմ ուզում այդպիսի գնահատական, կանխատեսում անել։ Ես չեմ ուզում ասել ամբողջական գործընթացը, բոլոր հնարավոր քայլերը տեղի կունենան հունվարին, թե մի մասը կլինի հունվարին, մի մասը` մարտին, մի մասը` մայիսին կամ սեպտեմբերին կամ հաջորդ դեկտեմբերին, բայց այդքան երկար չեմ կարծում, թե ամբողջը տևի: Բայց ուզում եմ ասել, որ ես տեսնում եմ, և սա, կարծում եմ, թե ակնհայտ է, որ գործընթացներն այսպես են գնում, և այդպես է ստացվելու։
 
Օրինակ՝ սիմվոլիկ մի քայլ կարող ենք տեսնել մինչև տարվա սկիզբ»,- ասել է նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը