Դոնալդ Թրամփը «վերականգնում է ԽՍՀՄ-ը»


 

Դոնալդ Թրամփը «վերականգնում է ԽՍՀՄ-ը»

  • 29-12-2025 14:15:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին «հոյակապ» հանդիպում են անցկացրել: Լրատվամիջոցների համար նրանց հայտարարություններից հասկացվում է, որ Դոնբասի «շփմա գծի» հարցում կողմերը համաձայնության չեն եկել, բայց, կարծես, փոխադարձ ընկալում կա, որ համաձայնագրի որոշ հարցեր, ինչպես Միացյալ Նահանգների նախագահն է արտահայտվել, «կարող են պահանջել հանրաքվե կամ խորհրդարանական քվեարկություն անցկացնել»:
 
Վերջնական պայմանավորվածության հնարավորության և ժամկետների մասին Թրամփն ասել է, որ դա կարող է «տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կամ չկայանալ», ինչից հասկացվում է, որ ուկրաինական պատերազմի ավարտը պայմանավորված է ոչ թե ԱՄՆ-Ուկրաինա, այլ՝ ԱՄՆ-Ռուսաստան համաձայնությունից, իսկ եթե ավելի հստակ ասվի, ապա ամեն ինչ կախված է Վլադիմիր Պուտինի որոշումից: Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ «ավելի լավ է արագ հասնել գործարքի», այլապես Ուկրաինան «տարածքային նոր կորուստներ կունենա»:
 
Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք օրենքներ: Իրավական այդ ակտերի մասին տեղեկատվությունը հուշում է, որ Պուտինը երկիրը նախապատրաստում է տեւական դիմակայության ժամանակաշրջանի: Այսպես, այսուհետև Ռուսաստանում նախազորակոչային զինվորական հաշվառման տարիքը է սահմանվում 14 տարին: Ընդ որում, օրենքը սահմանում է, որ ձևակերպումը պետք է կատարվի Ռուսաստանին տրված երդմամբ: Մեկ այլ օրենքով ՌԴ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացին ճանաչվում է ռազմական դատարանի ընդդատյա, իսկ զորակոչից խուսափելու համար պատժաչափը հասցվում է 20 տարվա ազատազրկման:
 
Օրենսդրական այս ակտերի ընդունումն, անշուշտ, ազդակ է միջազգային հանրությանը, որ Ռուսաստանի ընտրությունը պատերազմն է, որի ռազմավարական նպատակը հետխորհրդային տարածքի «հավաքագրումն» է: Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը հարգելու» մասին օրենք և սահմանել, որ այն կնշվի ապրիլի 19-ին: Անկախ հիմնավորումից, այդ օրենքը վերականգնում է «խորհրդային ժողովուրդ» հասկացությունը: Ավելի վաղ արևմտյան փորձագետները նկատել են տվել, որ Ռուսաստանի պետական դուման դեռևս 1996թ.-ին ընդունել է ԽՍՀՄ լուծարումը ոչ իրավական և անվավեր ճանաչելու մասին օրենք:
 
ԱՄՆ նախագահն, այսպիսով, բախվում է մի իրականության, երբ Ուկրաինայում աջակցելով Պուտինին, փաստացի նպաստում է, որ նա ԽՍՀՄ վերականգնման հիմքեր ստեղծի: Որքանո՞վ է դա համապատասխանում Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերին, պարզ չէ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը