Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը
06-01-2026 11:06:05 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն սուրբծննդյան պատարագ է մատուցում Էջմիածնի Մայր Տաճարում:
Վարչապետ Նիկո Փաշինյանն էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է մասնակցում պատարագին:
Տոնի առիթով նախօրեին Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվել է Ճրագալույցի պատարագ։ Պատարագիչն էր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը։
Փրկչի Ծննդյան և Աստվածհայտնության տոնակատարությունների առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից:
Արևելյան քրիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի Ծննդյան տոնը կապել են Աստվածհայտնության, այսինքն՝ Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Բայց 336 թվականին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես սահմանել է Հիսուս Քրիստոսի Ծննդյան օր՝ այսպիսով հնուց ի վեր հենց այդ օրը տոնվող Միտրայի տոնակատարությունները ժողովրդի համար վերածելով նոր կրոնական իրադարձության:
451 թվականին Քաղկեդոնի ժողովը վերջնականապես դեկտեմբերի 25-ը սահմանեց Փրկչի Ծննդյան տոն: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ Առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի Մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, Կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին: