Ներիրանական զարգացումները՝ տեղեկատվական աղմուկից այն կողմ
08-01-2026 12:08:25 | | Հարցազրույցներ
Իրանում տիրող իրավիճակի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
– Վերջին օրերին ներիրանական իրադարձությունները լայն արձագանք են գտել միջազգային մամուլում։ Ինչպե՞ս կգնահատեք դրանց ներկայացվածությունը։
– Ներիրանական իրադարձությունները փաստացի գրավել են համաշխարհային լրատվադաշտի առանցքային հարթակները։ Մամուլն ու տեղեկատվական բոլոր միջոցները հագեցած են գերքաղաքականացված մեկնաբանություններով, որոնք հաճախ ոչ այնքան բացատրելու, որքան ուղղորդելու նպատակ են հետապնդում։
– Այս պայմաններում ինչպե՞ս պետք է ընկալել տեղեկատվական հոսքը։
– Կարևոր է չներքաշվել տեղեկատվական և ապատեղեկատվական հորձանուտի մեջ։ Պետք է փորձել տեսնել քաղաքական շահերից բխող հանրային կարծիք ձևավորելու գործընթացը և դրանից բխող հակադարձ գործողությունների նախապատրաստման ենթաշերտերը։
– Արդյո՞ք նման զարգացումները բացառիկ են Իրանի համար։
– Բոլորովին ոչ։ Նախկինում ևս Իրանում արձանագրվել են նման նախադեպեր, որոնք սկզբում կրել են կենցաղային բնույթ, ապա վերաճել սոցիալական և նույնիսկ ազգային նշանակության զարգացումների։ Սակայն ժամանակի ընթացքում դրանք վերահսկողության տակ են առնվել կենտրոնական իշխանությունների կողմից։
– Ինչո՞վ են տարբերվում այսօրվա իրադարձությունները նախորդներից։
– Ուշագրավ է ժամանակագրական մի կարևոր հանգամանք․ նախկինում նման զարգացումները տեղի էին ունենում Իրանի դեմ արտաքին հարվածներից առաջ։ Այն ժամանակ, երբ Իրանի արտաքին հենակետերը դեռ չէին արտացոլում այն ազդեցությունը, որն այսօր տեսնում ենք Գազայում, Սիրիայում և Լիբանանում։
– Ի՞նչ նշանակություն ունի այս համատեքստը։
– Այն կարևոր է՝ հասկանալու համար ներիրանական զարգացումների իրական շարժառիթները, դրանց ուղղվածությունը և հնարավոր վերջնակետը։
– Որո՞նք են այսօր հասարակական ընդվզումների հիմնական պատճառները։
– Առաջնային գործոնը տնտեսական ճգնաժամի խորացումն է։ Մասնավորապես՝ օտար արժույթի գերարժևորումը և իրանական դրամի շուկայական արժեզրկումը, որոնք անմիջականորեն հարվածում են հասարակության սոցիալական վիճակին։
– Կարելի՞ է այս գործընթացները դիտարկել միայն ներքին գործոնների շրջանակում։
– Ոչ լիովին։ Եթե հիշենք թուրքական լիրայի արժեզրկման կրկնվող ճգնաժամերը այն ժամանակահատվածներում, երբ Անկարան փորձում էր դուրս գալ Վաշինգտոնի սահմանած գծերից, ակնհայտ է դառնում, որ տնտեսական և ֆինանսական ճնշումները հաճախ ունեն արտաքին կառավարման բաղադրիչ։ Այդ օրինաչափությունն այսօր նկատելի է նաև Իրանի պարագայում։
– Ինչպե՞ս է այսօր զարգանում Իրանի շուրջ ճնշումների քաղաքականությունը։
– Իրանի արտաքին ազդեցության գոտիներին հասցված հարվածներից հետո Թեհրանին պարտադրվում է դիմակայել ներքին ճգնաժամերի։ Ներքին բողոքների խթանման ամենաազդեցիկ միջոցը տնտեսական ճգնաժամի խորացումն է։ Մեկուսացման քաղաքականությունը, աշխարհաքաղաքական շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները հանգեցնում են հենց այս արդյունքին։
– Ի՞նչ վիճակում են միջուկային բանակցությունները։
– Միջուկային բանակցությունները, գոնե պաշտոնապես, առկախված են։ Իրանի հիմնական պահանջը տնտեսական ապաշրջափակումն է։ Բանակցային գործընթացը բնութագրվել է խոստումներով, սահմանափակ փոփոխություններով և շարունակական հետաձգումներով։
– Ի՞նչ ուղերձ է փոխանցվում Թեհրանին այս իրավիճակում։
– Ուղերձը բավական հստակ է․ ընդառաջել պահանջներին՝ որպեսզի թուլանա շրջափակման օղակը և նվազի ներքին լարվածությունը։
– Ինչպե՞ս են արձագանքում կողմերը։
– Վաշինգտոնը կոշտացնում է հռետորաբանությունը և սպառնում հակահարվածով՝ եթե Իրանում ուժ կիրառվի ցուցարարների նկատմամբ։ Թեհրանը պատասխանել է, որ նման քայլը անպատասխան չի մնա և վտանգի տակ կդրվեն ԱՄՆ շահերը ողջ տարածաշրջանում։ Իրանական կողմը այս հայտարարությունները դիտարկում է որպես արտաքին միջամտություն ներքին խնդիրներին։
– Ի՞նչ դեր ունի Իրանի նախագահի վերջին հայտարարությունը։
– Այն առանցքային է։ Նախագահը փաստացի հայտարարեց․ «Եթե մարդիկ դժգոհ են, դա մեր մեղքն է։ Այստեղ որևէ արտաքին ուժ մեղադրելու հարց չկա։ Պատասխանատվությունը մեր ուսերին է»։ Այս հայտարարությունը միաժամանակ ներքին պատասխանատվության ընդունում է և արտաքին միջամտությանը ուղղված հստակ ուղերձ։
– Ինչպե՞ս է սա ազդում դիվանագիտական հեռանկարների վրա։
– Այդ մոտեցումը բաց է պահում դիվանագիտական լուծումների հնարավորությունը։ Հենց սա է, որ առավելապես անհանգստացնում է Իսրայելին, որը շարունակ պնդում է, թե Իրանը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար։
– Ի՞նչ գործընթաց է ընթանում տարածաշրջանում ավելի լայն առումով։
– Մենք գործ ունենք Իրանի դերի վերասահմանման և վերաիմաստավորման գործընթացի հետ՝ արտաքին և ներքին ճնշումների համադրությամբ։
– Իսկ հայկական դիտակետից ի՞նչ է երևում։
– Իրանի առաջարկած ապաշրջափակման կենսական ուղիներից մեկը Սյունիքի անցքն է։ Ապաշրջափակումը այս ամբողջ գործընթացի առանցքային հանգույցն է։ Այդ համատեքստում պետք է դիտարկել նաև «ԹՐԻՓՓ»-ի կառուցումը՝ որպես ամերիկյան վերահսկողությամբ Իրանի ապաշրջափակման փորձ։
– Հայաստանը որքանո՞վ է հաշվարկել այս իրողությունները։
– Տպավորություն է, որ տարածաշրջանային այս քաղաքականության պայմաններում հայկական կողմի հաշվարկները հստակ չեն դրսևորվել՝ չդառնալ «պրոքսի» տարածք, չզբաղեցնել դիրք, որը կհակասի Իրանի նման ռազմավարական նշանակություն ունեցող գործընկեր պետության շահերին, և վարել հավասարակշռված, իրատեսական քաղաքականություն։