Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում. Պապոյան
08-01-2026 13:36:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Ադրբեջանական բենզինի նոր խմբաքանակը նույն ընկերություններն են ներկրում, Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող կոնցեռնի մաս կազմող «Մեգա Թրեյդը» և Sisha world ընկերությունը, որն ըստ լրատվամիջոցների, գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդուն է պատկանում՝ 24- ամյա Սամվել Մկրտչյանին:
Կառավարության նիստից առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց՝ երկրորդ խմբաքանակը ներկրել են նույն ընկերությունները:
Ըստ նախարարի, մի քանի հազար տոննա վառելիք է ներկրվում՝ և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև դիզելային վառելիք:
«Ով ուզի, կարող է գնալ, բերել, ազատ է», - հավաստիացնում է Գևորգ Պապոյանը:
Նախօրեին ադրբեջանական APA-ն էր հաղորդել, որ նախատեսվում է Հայաստան ուղարկել AI-92 տեսակի բենզինի և դիզելային վառելիքի 1000-ական տոննա։ Բացի այդ, Հայաստան կառաքվի 1800 տոննա AI-95 տեսակի բենզին։